Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Հռոմի քաղաքացիությունը ի՞նչ արտոնություններ էր տալիս Պողոս առաքյալին

Պողոսը ասաց. «Ես կայսրի՛ն եմ բողոքում»

Հռոմի քաղաքացիությունը մարդուն տալիս էր որոշակի իրավունքներ և արտոնություններ, որտեղ էլ նա լիներ կայսրության տարածքում։ Հռոմի քաղաքացին ենթակա էր Հռոմի օրենքին, ոչ թե պրովինցիաների քաղաքների օրենքներին։ Երբ մեղադրանք էին ներկայացնում նրա դեմ, նա կարող էր համաձայնվել, որ իրեն դատեն տեղի օրենքի համաձայն, սակայն իրավունք ուներ նաև պահանջելու, որ իրեն լսի Հռոմի դատարանը։ Իսկ եթե նրան մահապատժի դատապարտեին, նա իրավունք ուներ բողոք ներկայացնելու կայսրին։

Ահա թե ինչու մ.թ.ա. 1-ին դարի հռոմեացի պետական գործիչ Ցիցերոնը գրեց. «Հռոմի քաղաքացուն կապանքների մեջ պահելը հանցագործություն է, մտրակով խարազանելը՝ չարագործություն, իսկ մահվան դատապարտելը գրեթե նույնն է, ինչ ծնողասպանությունը»։

Պողոս առաքյալը, որը Հռոմի քաղաքացի էր, քարոզում էր կայսրության տարբեր տարածքներում։ Աստվածաշնչում արձանագրված է երեք դեպք, երբ Պողոսը օգտվել է իր իրավունքներից՝ որպես Հռոմի քաղաքացի։ 1) Նա ասաց Փիլիպպե քաղաքի պաշտոնյաներին, որ նրանք ոտնահարել են իր իրավունքները՝ ծեծի ենթարկելով իրեն։ 2) Երուսաղեմում եղած ժամանակ նա հայտնեց իր քաղաքացիական կարգավիճակի մասին, որպեսզի խուսափի խարազանվելուց։ 3) Նա բողոքարկեց իր գործը՝ պահանջելով, որ այն լսվի անձամբ կայսրի՝ Հռոմի միապետի կողմից (Գործեր 16։37–39; 22։25–28; 25։10–12

Ինչպե՞ս էին վճարում հովիվներին աստվածաշնչյան ժամանակներում

Այծերի և ոչխարների գնման պայմանագրի սեպագիր արձանագրություն, մ.թ.ա. մոտ 2050 թ.

Հակոբ նահապետը 20 տարի հովվել է իր մորեղբայր Լաբանի հոտերը։ 14 տարի նա աշխատել է Լաբանի մոտ, որպեսզի կնության առնի նրա երկու աղջիկներին։ Իսկ մնացած 6 տարվա դիմաց Լաբանը Հակոբին վճարել է հոտի անասուններով (Ծննդոց 30։25–33)։ «Հոտը պահելու պայմանագրերը, ինչպիսին օրինակ՝ Լաբանի ու Հակոբի միջև եղած պայմանագիրն էր, հավանաբար, քաջ ծանոթ էին հին գրողներին և աստվածաշնչյան տեքստերն ընթերցողներին»,— ասվում է մի հանդեսում (Biblical Archaeology Review)։

Նուզիում, Լարսայում և ժամանակակից Իրաքի այլ տարածքներում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են նմանատիպ պայմանագրերի օրինակներ։ Սովորաբար այդպիսի պայմանագիրը կնքում էին մեկ տարով՝ կենդանիների մի խուզումից մինչև մյուսը։ Հովիվները պարտավորվում էին հոգ տանել որոշակի քանակով կենդանիների համար։ Պայմանագրի մեջ նշվում էր նաև կենդանիների տարիքը և սեռը։ Մեկ տարի հետո հովիվը տիրոջը հանձնում էր նախապես որոշված քանակով բուրդ, կաթնամթերք, գառ, ուլ և այլն, իսկ ինչը ավելանում էր, մնում էր հովվին։

Հոտի աճը կախված էր մաքիների քանակից։ Եթե հոտում 100 մաքի կար, ակնկալվում էր ստանալ առնվազն 80 գառ։ Հովիվը պարտավոր էր փոխհատուցել ցանկացած պակասորդ կամ կորուստ։ Ուստի նա շահագրգռված էր լավագույնս հոգ տանել հոտի մասին։