Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Եհովան ինձ չէր մոռացել

Եհովան ինձ չէր մոռացել
  • ԾՆՎԵԼ Է՝ 1922

  • ԵՐԿԻՐԸ՝ ԻՍՊԱՆԻԱ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԿՐՈՆԻ ՈՒՍՈՒՑԻՉ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Ծնվել եմ Բիլբաո քաղաքի (Իսպանիայի հյուսիս) ոչ հարուստ թաղամասում։ Ես չորս երեխաներից երկրորդն էի։ Ընտանիքիս անդամները ջերմեռանդ կաթոլիկներ էին։ Ես ամեն օր մասնակցում էի պատարագի։ 23 տարեկանում դարձա ուսուցչուհի և 40 տարի զբաղվեցի այդ գործով։ Ես շատ էի սիրում իմ մասնագիտությունը։ Անչափ ուրախ էի, որ դասավանդում էի նաև կաթոլիկ կրոն, իսկ երեկոները ծառայում էի որպես առաջին հաղորդության ուսուցիչ՝ նախապատրաստելով աղջիկներին այդ արարողությանը։

12 տարվա երջանիկ ամուսնությունից հետո՝ կորցրի ամուսնուս և ստիպված էի միայնակ մեծացնել չորս աղջիկներիս։ Այդ ժամանակ ընդամենը 33 տարեկան էի։ Փորձում էի մխիթարություն գտնել կրոնիս մեջ, բայց ինձ անընդհատ մտատանջում էին տարբեր հարցեր, օրինակ՝ ինչո՞ւ են մարդիկ մահանում, եթե Քրիստոսը փրկանք է տվել մեզ համար, կամ ինչո՞ւ ենք աղոթում, որ Աստծու Թագավորությունը գա, եթե լավ մարդիկ գնում են երկինք։ Իսկ ամենից շատ ինձ հետաքրքրում էր հետևյալ հարցը. «Եթե Աստված մահից հետո դատում է մեզ, ապա ինչու պետք է հետագայում դուրս գանք երկնքից, քավարանից կամ դժոխքից՝ վերջնական դատաստանի առաջ կանգնելու համար»։

Այս հարցերը տվել եմ որոշ քահանաների։ Նրանցից մեկն ասաց. «Չգիտեմ, եպիսկոպոսին հարցրու։ Եվ հետո ի՞նչ կարևոր է, չէ՞ որ դու հավատում ես Աստծուն։ Այդքան մի խորացիր»։ Բայց ես շարունակում էի փնտրել հարցերիս պատասխանները։ Հետագայում ներկա եղա ճիզվիտների, հիսունականների և գնոստիկների հավաքույթներին, սակայն ոչ մի տեղ հարցերիս գոհացուցիչ պատասխաններ չտրվեցին։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

Երբ արդեն 60-ն անց էի, աշակերտուհիներիցս մեկը՝ յոթնամյա մի աղջիկ, ինձ հրավիրեց ներկա լինելու Եհովայի վկաների հանդիպմանը։ Ինձ դուր եկավ այն, ինչ տեսա ու լսեցի այնտեղ, բայց քանի որ շատ զբաղված կյանքով էի ապրում, չշարունակեցի կապ պահել Վկաների հետ։ Երկու տարի անց ամուսիններ Խուանը և Մայտեն թակեցին իմ դուռը։ Երեք ամիս շարունակ նրանց հետ աշխույժ քննարկումներ ունենալուց հետո սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։

Ես մեծ անհամբերությամբ էի սպասում յուրաքանչյուր հանդիպման։ Ամեն բան մանրակրկիտ ուսումնասիրում էի՝ օգտվելով Աստվածաշնչի երեք տարբեր թարգմանություններից, որպեսզի  հավաստիանամ, որ Եհովայի վկաները ճշմարտությունն են սովորեցնում։ Շուտով հասկացա, որ տասնամյակներ շարունակ մոլորության մեջ եմ եղել։ Ես շփոթված էի, քանի որ տեսնում էի, թե ինչ մեծ տարբերություն կա նախկին համոզմունքներիս և այն ամենի միջև, ինչ իմանում էի Աստվածաշնչից։ Դժվար կացության մեջ էի. պետք է հիմնովին փոխեի համոզմունքներս, կարծես արմատախիլ էի անելու մի ծառ, որը խոր արմատներ ունի։

Գիտեի, որ գտել եմ անգին մի գանձ

Որոշ ժամանակ անց երկրորդ ամուսինս ծանր հիվանդացավ ու մահացավ։ Այդ նույն ընթացքում ես թոշակի անցա և որոշ ժամանակով հեռացա Բիլբաոյից։ Խուանը և Մայտեն նույնպես մեկնեցին մեր քաղաքից։ Ցավոք, ուսումնասիրությունս դադարեցրի։ Սակայն հոգուս խորքում գիտեի, որ գտել եմ անգին մի գանձ ու երբեք չէի մոռանում այդ մասին։

Մոտ 20 տարի անց, երբ 82 տարեկան էի, Խուանն ու Մայտեն վերադարձան Բիլբաո և այցելեցին ինձ։ Որքա՜ն ուրախ էի կրկին տեսնելու նրանց։ Հասկացա, որ Եհովան չէր մոռացել ինձ։ Նորից սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Խուանն ու Մայտեն շատ համբերատար էին իմ հանդեպ. հաճախ նրանց մի քանի անգամ միևնույն հարցն էի տալիս։ Ես կարիք ունեի կրկին ու կրկին լսելու աստվածաշնչյան փաստարկները, որպեսզի ձերբազատվեի նախկին համոզմունքներիս հանդեպ էմոցիոնալ կապվածությունից։ Նաև ցանկանում էի լավ պատրաստված լինել Աստվածաշնչի ճշմարտությունները ընկերներիս ու ընտանիքիս անդամներին պատմելու համար։

87 տարեկանում վերջապես մկրտվեցի։ Դա կյանքիս ամենաերջանիկ օրն էր։ Մկրտությունը տեղի ունեցավ Եհովայի վկաների համաժողովներից մեկի ժամանակ։ Մի երեց ներկայացրեց Աստվածաշնչի վրա հիմնված ելույթ, որը հատկապես նրանց համար էր, ովքեր պատրաստվում էին մկրտվել։ Ելույթն այնքան հուզիչ էր, որ արտասվեցի։ Թվում էր՝ Եհովան է խոսում ինձ հետ։ Մկրտությունից հետո բազմաթիվ Վկաներ մոտեցան ու շնորհավորեցին ինձ, թեև նրանցից շատերը ինձ չէին ճանաչում։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Միշտ իմացել եմ, որ Հիսուս Քրիստոսն է «ճանապարհը» (Հովհաննես 14։6)։ Սակայն Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ ես ճանաչեցի Եհովային՝ նրան, ում մոտ մեզ առաջնորդում է Հիսուսը։ Այժմ կարող եմ աղոթել Աստծուն՝ դիմելով նրան որպես սիրելի Հոր ու Ընկերոջ։ Կյանքումս շատ բան փոխեց նաև «Մոտեցիր Եհովային» * գիրքը։ Առաջին անգամ այն ծայրից ծայր ընթերցեցի մի գիշերվա մեջ։ Անչափ տպավորվել էի՝ իմանալով, թե որքան ողորմած է Եհովան։

Հետ նայելով կյանքիս տարիներին, որոնց ընթացքում անդադար որոնել եմ ճշմարիտ կրոնը՝ մտաբերում եմ Հիսուսի խոսքերը. «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև» (Մատթեոս 7։7)։ Այժմ, երբ գտել եմ ինձ հուզող հարցերի պատասխանները, մեծ ուրախություն եմ ապրում՝ դրանց մասին ուրիշներին պատմելով։

Թեև 90 տարեկան եմ, բայց ինձ հոգևորապես երիտասարդ եմ զգում, քանի որ դեռ շատ բան ունեմ սովորելու Եհովայի մասին։ Թագավորության սրահում անցկացվող ամեն մի հանդիպում անչափ կարևոր է ինձ համար, քանի որ այնտեղ ստանում եմ անգին գիտելիքներ և վայելում եմ թանկագին եղբայրներիս ու քույրերիս ընկերակցությունը։ Կարոտով սպասում եմ այն ժամանակին, երբ կրկին ուսուցիչ կլինեմ խոստացված երկրային դրախտում (Հայտնություն 21։3, 4)։ Հատկապես սպասում եմ, թե երբ կտեսնեմ իմ մահացած սիրելիներին և հնարավորություն կունենամ սովորեցնելու նրանց Աստվածաշնչի ճշմարտությունները (Գործեր 24։15)։ Փափագում եմ նրանց պատմել, թե ինչ հրաշալի պարգև է տվել ինձ Եհովան իմ ծերության տարիներին։

^ պարբ. 15 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։