Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Ընտանեկան երջանկության բանալին

Բարոյական արժեքներ սերմանիր երեխաներիդ մեջ

Բարոյական արժեքներ սերմանիր երեխաներիդ մեջ

Մեքսիկայում ապրող Լոիդա * անունով մի մայր ասում է. «Դպրոցում պահպանակներ են բաժանում, դրա համար էլ պատանիները կարծում են, որ սեքսով զբաղվելը սխալ չէ. նրանք մտածում են, որ այդպիսի սեքսը «անվտանգ է»»։

Ճապոնիայում ապրող Նոբուկո անունով մի մայր ասում է. «Երբ հարցրի տղայիս, թե ինչ կանի, եթե իր ընկերուհին և ինքը մենակ մնան, նա պատասխանեց՝ չգիտեմ»։

ԵՐԲ քո որդին կամ դուստրը նոր էին քայլել սովորում, թերևս հոգ տարար տանդ անվտանգության մասին. փակեցիր վարդակները, թաքցրիր սուր առարկաները, անվտանգ դարձրիր սանդուղքները։ Եվ այս ամենը՝ երեխայիդ ապահովության համար։

Երանի թե նույնքան հեշտ լիներ ապահովել երեխայիդ անվտանգությունը պատանեկության տարիներին։ Այժմ քեզ անհանգստացնող ավելի շատ հարցեր կան. «Տղայիս համար հասանելի՞ է պոռնկագրությունը։ Աղջիկս սեքստինգով զբաղվո՞ւմ է՝ բջջային հեռախոսով ուղարկելով իր անպարկեշտ նկարները»։ Եվ ամենադժվար հարցը. «Իմ դեռահաս երեխան սեռական ակտիվ կյանք վարո՞ւմ է»։

Շուրջօրյա հսկողություն. հարցի լուծո՞ւմ

Որոշ ծնողներ փորձում են 24-ժամյա հսկողության տակ պահել իրենց պատանի դարձած երեխաներին՝ պտտվելով նրանց շուրջը և հսկելով նրանց յուրաքանչյուր քայլը։ Սակայն ծնողներից շատերն ավելի ուշ հասկանում են, որ այդպիսով դրդում են պատանուն հմտորեն թաքցնելու իրենց գործած սխալ արարքները։

Պարզ է, որ հսկողությունը դեռ հարցի լուծում չէ։ Եհովա Աստված ինքն էլ այդ մեթոդը չի օգտագործում՝ փորձելով հնազանդեցնել իր արարածներին։ Եվ լավ կլինի, որ դու էլ որպես ծնող հետևես նրա օրինակին (2 Օրենք 30։19)։ Ինչպե՞ս կարող ես օգնել դեռահաս երեխայիդ իմաստուն որոշումներ կայացնելու բարոյական հարցերի վերաբերյալ (Առակներ 27։11

Առաջին քայլը նրանց հետ շարունակ զրույցներ վարելն է. սկսիր այն ժամանակվանից, երբ նրանք դեռ փոքր են * (Առակներ 22։6Շարունակիր զրուցել նույնիսկ այն ժամանակ, երբ երեխաներդ թևակոխեն պատանեկության տարիքը։ Որպես ծնող՝ դու պետք է քո դեռահաս երեխայի համար լինես ինֆորմացիայի հիմնական վստահելի աղբյուրը։ Ալիշա անունով մի աղջիկ (Բրիտանիա) ասում է. «Շատերի  կարծիքով՝ ավելի լավ է, որ մենք սեքսի մասին խոսենք ընկերների հետ։ Բայց դա ճիշտ չէ։ Մենք անչափ գնահատում ենք այն, որ այդ տեղեկությունները մեր ծնողներից ենք ստանում։ Իրականում, մենք վստահում ենք այն ամենին, ինչ նրանք ասում են»։

Բարձր արժեքներ ունենալը կարևոր է

Երեխաները մեծանալու հետ մեկտեղ պետք է ավելի շատ բան իմանան սեքսի մասին և չսահմանափակվեն միայն այն տեղեկությամբ, թե ինչպես են մարդիկ լույս աշխարհ գալիս։ Նաև պատանիները պետք է «իրենց ըմբռնողականությունը.... մարզեն ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։ Պարզ ասած՝ նրանք պետք է լիովին համոզված լինեն, թե որն է ընդունելի սեռական վարքը և ապրեն դրա համաձայն։ Հետևաբար ինչպե՞ս կարող ես բարձր արժեքներ սերմանել երեխայիդ մեջ։

Նախ քննիր քո՛ արժեքները։ Օրինակ՝ գուցե լիովին համոզված ես, որ պոռնկությունը՝ սեռական հարաբերությունները չամուսնացած մարդկանց միջև, սխալ է (1 Թեսաղոնիկեցիներ 4։3)։ Ամենայն հավանականությամբ, երեխաներդ գիտեն քո տեսակետը այդ հարցի վերաբերյալ. թերևս նրանք նույնիսկ կարողանան մեջբերումներ անել Աստվածաշնչից, որոնք թիկունք են կանգնում քո տեսակետին։ Եվ երբ նրանց հարցնեն այդ մասին, գուցե առանց վարանելու պատասխանեն, որ մինչամուսնական սեքսը սխալ է։

Սակայն ավելին է անհրաժեշտ։ Ինչպես նշվում է մի գրքում, որոշ երիտասարդներ գուցե միայն խոսքերով ցույց տան, որ համաձայն են սեքսի վերաբերյալ իրենց ծնողների ունեցած համոզմունքներին։ Այնտեղ ասվում է. «Նրանք շատ անվստահ են և վարանում են հայտնել իրենց անձնական կարծիքը։ Երբ հայտնվում են անսպասելի իրավիճակում և դժվարանում են որոշել, թե «որքան հեռու կարող են գնալ», շփոթվում են և փորձանքի մեջ ընկնում» (Sex Smart)։ Ահա թե ինչու է անչափ կարևոր բարձր արժեքներ ունենալը։ Ինչպե՞ս կարող ես օգնել երեխայիդ ձեռք բերելու այդ արժեքները։

Հստակ հայտնիր քո արժեքների մասին։

Համոզվա՞ծ ես, որ սեքսը միայն ամուսինների միջև պետք է լինի։ Եթե այո, ապա այդ մասին հստակ և հաճախակի ասա դեռահաս երեխայիդ։ Ինչպես նշվում է մի գրքում, հետազոտությունները ցույց են տալիս, որ «այն ընտանիքներում, որտեղ ծնողները դեռահասներին հստակ հայտնել են, որ հավանություն չեն տալիս սեռական հարաբերություններին պատանեկան տարիքում, իրենց դեռահաս երեխաները թերևս ավելի ուշ են ներգրավվել այդ հարաբերությունների մեջ» (Beyond the Big Talk)։

Իհարկե, ինչպես արդեն նշվեց, պարզապես քո արժեքների մասին պատմելը երաշխիք չէ այն բանի, որ տղադ կամ աղջիկդ կնախընտրեն ապրել դրանց համաձայն։ Այնուամենայնիվ, եթե դու հստակ հայտնես քո արժեքների մասին, այդպիսով հիմք կնախապատրաստես, որի վրա երեխաներդ կկարողանան կառուցել իրենց արժեքները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազմաթիվ երիտասարդներ ի վերջո որդեգրում են իրենց ծնողների արժեքները, թեև պատանեկության տարիներին թվում էր՝ չեն հետևում դրանց։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Օգտագործիր վերջին լուրերից մեկը, որպեսզի երեխայիդ հետ զրույց սկսես և նրան հայտնես քո արժեքների մասին։ Օրինակ՝ եթե սեռական հանցագործություն է տեղի ունեցել, կարող ես ասել. «Ցնցվում եմ, երբ լսում եմ, թե ինչպես են տղամարդիկ փորձում օգտագործել կանանց։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է նրանց գլխով այդպիսի բաներ անցնում»։

Ճիշտ պատկերացում տուր սեքսի վերաբերյալ։

Նախազգուշացումները կարևոր են (1 Կորնթացիներ 6։18; Հակոբոս 1։14, 15)։ Սակայն Աստվածաշունչը նախևառաջ սեքսը ներկայացնում է որպես Աստծուց տրված պարգև և ոչ թե որպես Սատանայի ծուղակ (Առակներ 5։18, 19; Երգերի Երգ 1։2)։ Եթե դեռահաս երեխայիդ պատմես միայն վտանգների մասին, ապա նա գուցե աղավաղված ու Աստվածաշնչից շեղված տեսակետ ունենա այդ հարցի վերաբերյալ։ «Ծնողներս հաճախ էին խոսում սեռական անբարոյության վտանգների մասին,— ասում է Կոռինա անունով մի երիտասարդ կին (Ֆրանսիա),— և դա իմ մեջ բացասական կարծիք ձևավորեց սեքսի վերաբերյալ»։

Համոզվիր, որ երեխաներդ ճիշտ պատկերացում ունեն սեքսի մասին։ «Ես միշտ փորձել եմ հստակ բացատրել իմ դեռահաս երեխաներին, որ սեքսը բնական բան է։ Այն հրաշալի պարգև է, որ Եհովա Աստված տվել է մարդկանց, որպեսզի հաճույք ստանան դրանից,— ասում է Նադիա անունով մի մայր (Մեքսիկա)։— Սակայն այդ հարաբերությունների տեղը միայն ամուսնության մեջ է։ Այն կարող է մեզ կա՛մ ուրախություն, կա՛մ տառապանք պատճառել՝ կախված այն բանից, թե ինչպես ենք դրանից օգտվում»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Հաջորդ անգամ, երբ դեռահաս երեխայիդ հետ խոսես սեքսի  մասին, զրույցդ ավարտիր դրական նոտայով։ Մի վախեցիր սեքսը որպես Աստծու կողմից տրված հրաշալի պարգև ներկայացնելուց, որը նա կարող է վայելել ապագայում, երբ ամուսնանա։ Վստահ եղիր, որ մինչև ամուսնանալը քո տղան կամ աղջիկը կկարողանա կառչած մնալ Աստծու չափանիշներից։

Օգնիր դեռահաս երեխայիդ մտածելու հետևանքների մասին։

Որպեսզի կյանքի յուրաքանչյուր ասպարեզում պատանիները իմաստուն որոշումներ կայացնեն, նրանք պետք է իմանան, թե իրենց առջև ինչ տարբերակներ կան, ապա ծանրութեթև անեն դրանց դրական և բացասական կողմերը։ Մի՛ մտածիր, որ միայն ճիշտն ու սխալը իմանալը բավարար է։ «Խորհելով պատանեկան տարիներին կատարած սխալներիս մասին՝ կարող եմ ասել, որ միայն Աստծու չափանիշներն իմանալը չի նշանակում, որ դու համաձայն ես դրանց հետ,— ասում է Էմմա անունով մի քրիստոնյա կին (Ավստրալիա)։— Անչափ կարևոր է հասկանալ այդ չափանիշներին հետևելու օգուտները և դրանք խախտելու հետևանքները»։

Այս հարցում մեզ կարող է օգնել Աստվածաշունչը, որում ամփոփված շատ պատվերներ ավելի ազդու են դառնում, քանի որ պարունակում են այնպիսի արտահայտություններ, որոնք ցույց են տալիս սխալ արարքի հետևանքները։ Օրինակ՝ Առակներ 5։8, 9 համարները հորդորում են երիտասարդներին հեռու մնալ պոռնկությունից, «որ իրենց արժանապատվությունը ուրիշներին չտան»։ Ինչպես ցույց են տալիս այս խոսքերը, նրանք, ովքեր մինչամուսնական սեքսով են զբաղվում, զոհում են իրենց բարոյական արժեքները, անարատությունը և ինքնահարգանքը։ Արդյունքում անհատը կորցնում է իր գրավչությունը ապագա կողակցի աչքում, որն ունի այդ հատկությունները։ Եթե պատանին խորհի, թե ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր ինչ վնասներ կարող է կրել Աստծու օրենքը խախտելով՝ դա կմղի իրեն վճռելու ապրել այդ չափանիշների համաձայն *։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Օգտագործիր օրինակներ, որպեսզի օգնես դեռահաս երեխայիդ տեսնելու, թե որքան իմաստուն են Աստծու չափանիշները։ Օրինակ՝ կարող ես ասել. «Խարույկը լավ է, սակայն հրդեհը՝ ոչ։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ։ Ինչպե՞ս կարող ես այս համեմատությունը կապել սեքսին վերաբերող Աստծու տված սահմանափակումների հետ»։ Օգտագործելով Առակներ 5։3–14 համարները՝ օգնիր երեխայիդ հասկանալու, թե ինչ վնասակար հետևանքներ կարող է բերել պոռնկությունը։

Տակաո անունով 18-ամյա մի տղա (Ճապոնիա) ասում է. «Գիտեմ, որ պետք է անեմ այն, ինչը ճիշտ է, բայց անդադար պայքարում եմ մարմնի ցանկությունների դեմ»։ Այսպիսի զգացումներ ունեցող երիտասարդները կարող են մխիթարվել այն բանի գիտակցումից, որ միայն իրենք չեն նման իրավիճակում։ Նույնիսկ Պողոս առաքյալը, որն անսասան քրիստոնյա էր, խոստովանեց. «Երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է» (Հռոմեացիներ 7։21

Պատանիները լավ կլինի գիտակցեն, որ նման պայքարը միշտ չէ, որ բացասաբար է անդրադառնում իրենց վրա։ Այն կարող է մղել նրանց մտածելու, թե ինչ անձնավորություն են ցանկանում դառնալ։ Նաև կարող է օգնել լրջորեն խորհելու հետևյալ հարցի շուրջ. «Ուզում եմ, որ ինձ ճանաչեն որպես մեկի, որը կայո՞ւն անձնավորություն է և աչքի է ընկնում իր անարատությամբ, թե՞ որպես մեկի, որը քշվում է պատահական քամուց՝ հետևելով մեծամասնությանը և կատարելով իր ցանկությունները»։ Բարձր բարոյական չափանիշներ ունենալը կօգնի դեռահաս երեխայիդ իմաստուն պատասխան տալու։

^ պարբ. 3 Որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 10 Օգտակար խորհուրդներ այն բանի վերաբերյալ, թե ինչպես սեքսի մասին զրույց սկսել երեխաներիդ հետ, որ համապատասխան լինի նրանց տարիքին, կարելի է գտնել «Դիտարանի» 2010թ. նոյեմբերի 1-ի համարում, էջ 12–14։

^ պարբ. 22 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Արթնացե՛ք»-ի 2010թ. ապրիլի համարի՝ «Երիտասարդները հարցնում են» հոդվածաշարի՝ «Սեքսը կամրացնի՞ մեր փոխհարաբերությունները» հոդվածը (ռուս.)՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ...

  • Ի՞նչից է երևում, որ պատանի դարձած իմ երեխան բարձր բարոյական արժեքներ ունի։

  • Դեռահաս երեխայիս հետ սեքսի մասին խոսելիս նախևառաջ այն ներկայացնում եմ որպես Աստծուց տրված պարգև՞, թե՞ ասում եմ, որ դա Սատանայի ծուղակ է։