Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Եթե Քինգսլին կարող է դա անել, ես էլ կարող եմ»

«Եթե Քինգսլին կարող է դա անել, ես էլ կարող եմ»

ՔԻՆԳՍԼԻԻ ուսին թփթփացնում են, և նա սկսում է Աստվածաշնչի ընթերցանությունը՝ իր առաջին առաջադրանքը Աստվածապետական ծառայության դպրոցում։ Նա զգուշորեն արտաբերում է ամեն մի բառը՝ բաց չթողնելով ոչ մի վանկ։ Բայց ինչո՞ւ նա չի նայում իր Աստվածաշնչին։

Քինգսլին, որն ապրում է Շրի Լանկայում, կույր է։ Նա նաև վատ լսողություն ունի և տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով։ Ինչպե՞ս այս տղամարդը կարողացավ սովորել Եհովայի մասին և համապատասխանել Աստվածապետական ծառայության դպրոցին ցուցակագրվելու պահանջներին։ Թույլ տվեք պատմել։

Երբ առաջին անգամ հանդիպեցի Քինգսլիին, շատ տպավորվեցի՝ տեսնելով, թե որքան ծարավ է նա աստվածաշնչյան ճշմարտության։ Նա արդեն Աստվածաշունչ ուսումնասիրել էր մի քանի Վկաների օգնությամբ, և նրա՝ Բրայլի գրատիպով «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը * մաշվել էր։ Քինգսլին ընդունեց ուսումնասիրությունը վերսկսելու իմ առաջարկը, բայց երկու բանի պատճառով մեզ համար հեշտ չէր դա անել։

Առաջին՝ Քինգսլին ապրում էր տարեցների և հաշմանդամների ինտերնատում։ Աղմուկի և Քինգսլիի վատ լսողության պատճառով ես պետք է շատ բարձր խոսեի։ Փաստորեն, ինտերնատում ամեն ոք կարող էր լսել մեր շաբաթական ուսումնասիրությունը։

Երկրորդ՝ Քինգսլին շատ քիչ տեղեկություն էր կարողանում կարդալ և հասկանալ մեկ ուսումնասիրության ընթացքում։ Որպեսզի մեր ուսումնասիրություններն ավելի արդյունավետ անցնեին, Քինգսլին ջանասիրաբար պատրաստվում էր։ Նա նախօրոք կարդում էր քննարկվող նյութը, վերընթերցում էր այն, Բրայլի գրատիպով Աստվածաշնչով կարդում էր սուրբգրային համարները և հետո մտքում ձևակերպում հարցերի պատասխանները։ Այս մեթոդը լավ արդյունքներ բերեց։ Ուսումնասիրության ժամանակ նա ծալապատիկ նստում էր գորգի վրա և հուզմունքից թփթփացնելով հատակին՝ շատ բարձր ձայնով բացատրում էր, թե ինչ է սովորել։ Շուտով սկսեցինք շաբաթը երկու անգամ ուսումնասիրել։ Ամեն անգամ ուսումնասիրությունը տևում էր երկու ժամ։

ՀԱՃԱԽՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ

Քինգսլին և Փոլը

Քինգսլին շատ էր ուզում ժողովների հաճախել Թագավորության սրահում, բայց նրա պարագայում դա հեշտ չէր։ Նա օգնության կարիք ուներ հաշմանդամի սայլակից վեր կենալու, մեքենայի մեջ նստելու և Թագավորության սրահ մտնելու համար։ Բայց ժողովի անդամներից շատերը հերթով օգնում էին՝ դա մեծ առանձնաշնորհում համարելով։ Հանդիպումների ընթացքում Քինգսլին բարձրախոսը ականջի մոտ էր պահում, ուշադիր լսում էր և անգամ մեկնաբանում։

Որոշ ժամանակ ուսումնասիրելուց հետո նա որոշեց ցուցակագրվել Աստվածապետական ծառայության դպրոցին։ Իր առաջին Աստվածաշնչի ընթերցանությունից երկու շաբաթ առաջ հարցրի նրան, թե պատրաստվել է արդյոք։ Նա համոզվածությամբ ասաց. «Այո՛, եղբա՛յր, երեսուն անգամ կարդացել եմ»։ Գովեցի նրան իր ներդրած ջանքերի համար և խնդրեցի, որ կարդա։ Նա բացեց իր Աստվածաշունչը, մատները դրեց Բրայլի տեքստի վրա և սկսեց կարդալ։ Սակայն նկատեցի, որ նրա մատները չեն սահում էջի վրայով, ինչպես սովորաբար լինում է. նա ամբողջությամբ անգիր էր արել այդ հատվածը։

Այտերիցս արցունքներ գլորվեցին։ Աչքերիս չհավատալով՝ հարցրի, թե ինչպես է կարողացել այսքան լավ հիշել տեքստը ընդամենը 30 անգամ կարդալուց հետո։ Քինգսլին պատասխանեց. «Ո՛չ, օրական 30 անգամ եմ կարդացել»։ Մեկ ամիս շարունակ նա նստել էր գորգին, կարդացել, վերընթերցել էր տեքստը, մինչև որ անգիր էր արել։

Եկավ նրա առաջադրանքի օրը։ Երբ նա ավարտեց այն, սրահը թնդաց բուռն ծափահարություններից, և շատերը արտասվեցին՝ տեսնելով այս նոր աշակերտի հաստատակամությունը։ Մի քարոզիչ, որը չափից շատ հուզվելու պատճառով դադարել էր Դպրոցում երկխոսություն ներկայացնելուց, խնդրեց, որ իրեն նորից ցուցակագրեն։ Ինչո՞ւ։ Նա ասաց. «Եթե Քինգսլին կարող է դա անել, ես էլ կարող եմ»։

2008թ. սեպտեմբերի 6-ին՝ երեք տարի Աստվածաշունչ ուսումնասիրելուց հետո, Քինգսլին իր նվիրումը խորհրդանշեց ջրի մկրտությամբ։ Նա հավատարմորեն ծառայեց մինչև իր մահը՝ 2014թ. մայիսի 13-ը։ Քինգսլին համոզված էր, որ դրախտում շարունակելու է հավատարմորեն ծառայել իր ողջ ուժով և կատարյալ առողջությամբ (Ես. 35։5, 6)։ Պատմեց Փոլ Մակ-Մանուսը։

^ պարբ. 4 Հրատարակվել է 1995թ.-ին։ Այժմ չի տպագրվում։