Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ողջամտորե՞ն եք օգտագործում թվային տեխնիկան

Ողջամտորե՞ն եք օգտագործում թվային տեխնիկան

Ջենին տարված է մի էլեկտրոնային խաղով։ Նա ասում է. «Ես սկսել եմ խաղալ այդ խաղը օրվա մեջ ութ ժամ։ Սա արդեն լուրջ խնդիր է»։

Դենիսը որոշեց յոթ օր ընդհանրապես չօգտվել իր էլեկտրոնային սարքերից և չմտնել ինտերնետ, բայց երկու օր էլ չկարողացավ դիմանալ։

Հետաքրքիրն այն է, որ Դենիսն ու Ջենին պատանիներ չեն։ Ջենին 40 տարեկան է և ունի չորս երեխա, իսկ Դենիսը 49 տարեկան է։

ԻՍԿ դուք օգտագործո՞ւմ եք թվային տեխնիկա։ * Շատերն են այսօր օգտագործում էլեկտրոնային սարքեր, և դա միանգամայն բնական է, քանի որ դրանք շատ կարևոր դեր են կատարում աշխատանքի մեջ, մարդկանց հետ շփման հարցում և զվարճությունների ասպարեզում։

Սակայն Ջենիի և Դենիսի նման՝ այսօր շատերը տարված են տեխնիկայի տարբեր միջոցներով։ Օրինակ՝ 20-ամյա Նիկոլն ասում է. «Ցավալի է, բայց պետք է խոստովանեմ, որ ես ու իմ հեռախոսը անբաժան «ընկերներ» ենք։ Այն պետք է միշտ իմ կողքին լինի։ Ես պարզապես գլուխս կորցնում եմ, երբ այնպիսի վայրում եմ լինում, որը ռադիոծածկույթից դուրս է։ Մեկ ու կես ժամ անց արդեն տեղս չեմ գտնում և անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ ստուգելու իմ հաղորդագրությունները։ Սա իրոք անհեթեթ է»։

Ոմանք նույնիսկ գիշերն են արթնանում, որ ստուգեն հաղորդագրություններն ու թարմ տեղեկությունները։ Իսկ երբ նրանք բաժանվում են իրենց «թվային ընկերոջից», նրանց վարքագծի մեջ նկատվում են հիվանդագին նշաններ։ Որոշ մասնագետներ այդպիսի վիճակն անվանում են «կախվածություն», լինի դա առհասարակ թվային տեխնիկայից, թե ինտերնետից կամ էլ կոնկրետ ինչ-որ էլեկտրոնային սարքից, օրինակ՝ սմարթֆոնից։ Իսկ որոշ մասնագետներ էլ վարանում են օգտագործել «կախվածություն» բառը և այդ վիճակը նկարագրում են այսպիսի բառերով, օրինակ՝ տարված, կլանված, պրոբլեմային։

Թվային տեխնիկայի չափից շատ օգտագործումը, անկախ նրանից՝ ինչպես այն կանվանենք, կարող է հանգեցնել խնդիրների։ Եղել են դեպքեր, որ տեխնիկայի անխոհեմ օգտագործման պատճառով սառել են ընտանիքի անդամների փոխհարաբերությունները։ Օրինակ 20-ամյա մի աղջիկ ասում է. «Հայրս հիմա ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իմ կյանքում։ Նա նստում է հյուրասենյակում և ինձ հետ զրուցելու ընթացքում շարունակ էլեկտրոնային նամակներ է գրում։ Նա իր հեռախոսը ոչ մի վայրկյան ցած չի դնում։ Գիտեմ, որ հայրս սիրում է ինձ, բայց երբեմն դա բոլորովին չի երևում»։

«ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԴԻԵՏԱ»

Որոշ երկրներում, օրինակ՝ Չինաստանում, Հարավային Կորեայում, Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում հիմնվել են հատուկ վերականգնողական կենտրոններ («digital detox» centers), որոնց նպատակն է՝ օգնել մարդկանց ձերբազատվելու տեխնիկայի անխոհեմ օգտագործման սովորությունից։ Այդ կենտրոններում մարդը, այսպես ասած, «ինֆորմացիոն դիետա» է պահում. նրան մի քանի օր ընդհանրապես չի թույլատրվում օգտվել ինտերնետից կամ թվային սարքերից։ Բրետ անունով մի երիտասարդ պատմում է, որ ինքը այն աստիճան էր տարվել օնլայն մի խաղով, որ սկսել էր խաղալ օրական 16 ժամ։ Նա ասում է. «Երբ մտնում էի ինտերնետ, ինձ այնպես էի զգում, ասես թմրանյութի ազդեցության տակ լինեի»։ Բրետը արդեն կորցրել էր իր աշխատանքը, ընկերներին և ընդհանրապես չէր հետևում իր հիգիենային, երբ օգնության համար դիմեց այդպիսի մի վերականգնողական կենտրոն։ Իսկ դուք ի՞նչ կարող եք անել, որ նման տխուր իրավիճակում չհայտնվեք։

ՍՏՈՒԳԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ։ Փորձեք պարզել, թե տեխնիկայի օգտագործումը ինչպես է անդրադառնում ձեր կյանքի վրա։ Դա անելու համար կարող եք ինքներդ ձեզ տալ հետևյալ հարցերը։

  • Արդյոք սկսո՞ւմ եմ նյարդայնանալ կամ բարկանալ, երբ չեմ կարողանում մտնել ինտերնետ կամ օգտվել իմ էլեկտրոնային սարքից։

  • Շարունակո՞ւմ եմ օգտվել ինտերնետից կամ էլեկտրոնային սարքից այն դեպքում, երբ արդեն վաղուց լրացել է դրանից օգտվելու համար իմ սահմանած ժամանակը։

  • Լինո՞ւմ է այնպես, որ չեմ կարողանում կտրվել իմ էլեկտրոնային սարքից և անգամ քնիս հաշվին շարունակում եմ ստուգել նոր ստացած հաղորդագրություններս։

  • Տեխնիկայի օգտագործման պատճառով անտեսո՞ւմ եմ ընտանիքիս անդամներին։ Նրանք համամիտ կլինե՞ն իմ տված պատասխանին։

Եթե տեխնիկայի օգտագործման պատճառով սկսել եք աչքաթող անել «ավելի կարևոր» բաները, այդ թվում նաև ձեր ընտանեկան փոխհարաբերություններն ու այլ պատասխանատվություններ, ուրեմն ժամանակն է փոփոխություններ անելու (Փիլիպպեցիներ 1։10)։ Բայց ինչպե՞ս կարող եք դա անել։

ՈՂՋԱՄԻՏ ՍԱՀՄԱՆՆԵՐ ԴՐԵՔ։ Անգամ լավ բանը կարող է վնասակար լինել, եթե այն չափից շատ է։ Ուստի անկախ նրանից՝ թվային տեխնիկայից օգտվում եք աշխատանքի բերումով, թե պարզապես հաճույքի համար, դրանից օգտվելու համար որոշակի ժամանակ սահմանեք ու մի՛ անցեք այդ ժամանակը։

Առաջարկ։ Կարող եք խնդրել ձեր ընտանիքի անդամին կամ ընկերոջը, որ օգնի ձեզ այդ հարցում։ Աստվածաշունչն ասում է. «Երկուսով ավելի լավ է, քան մենակ, որովհետև.... եթե մեկն ընկնի, մյուսն իր ընկերոջը կբարձրացնի» (Ժողովող 4։9, 10

Թույլ մի՛ տվեք, որ տեխնիկան ձեզ այնքան հրապուրի, որ ընկնեք կախվածության մեջ

Այսօր արտադրվում են նորանոր սարքեր, որոնք հնարավորություն են տալիս ավելի հեշտ ու արագ օգտվելու տեղեկատվությունից և փոխանցելու ու ստանալու տվյալներ։ Այս ամենի պատճառով, անկասկած, գնալով ավելի շատ մարդիկ կսկսեն անխոհեմաբար օգտագործել էլեկտրոնային սարքերը։ Բայց թույլ մի՛ տվեք, որ տեխնիկան ձեզ այնքան հրապուրի, որ ընկնեք կախվածության մեջ։ Դուք կկարողանաք խոհեմաբար օգտվել թվային տեխնիկայից, եթե ճիշտ տնօրինեք ձեր ժամանակը (Եփեսացիներ 5։16

^ պարբ. 5 Այս հոդվածում «թվային տեխնիկա» արտահայտությունը վերաբերում է տարբեր էլեկտրոնային սարքերի, որոնց միջոցով հնարավոր է օգտվել թվային տեղեկատվությունից և փոխանցել ու ստանալ թվային տվյալներ, այդ թվում՝ էլեկտրոնային նամակներ, հեռախոսազանգեր, հաղորդագրություններ, տեսանյութեր, խաղեր, նկարներ և երաժշտություն։