Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍԻՆՆԵՐ

Լավ փոխհարաբերություններ կողակցի ծնողների հետ

Լավ փոխհարաբերություններ կողակցի ծնողների հետ

ԽՆԴԻՐ

«Ամեն անգամ երբ ես ու կինս խնդիրներ էինք ունենում, նա այդ մասին պատմում էր իր ծնողներին։ Հետո աներս զանգում էր ինձ ու այդ խնդրի հետ կապված խորհուրդներ էր տալիս։ Դա ինձ դուր չէր գալիս» (Ջեյմս)։ *

«Սկեսուրս հաճախ է ասում, որ շատ է կարոտում իր որդուն։ Նա պատմում է, թե որքան մտերիմ են եղել իրենք։ Դրա պատճառով ես ինձ մեղավոր եմ զգացում, որ ամուսնացել եմ նրա որդու հետ ու ինչ-որ չափով խաթարել նրանց մտերմությունը» (Նատաշա)։

Հնարավո՞ր է այնպես անել, որ հարազատների հետ ունեցած խնդիրները չխաթարեն ամուսնական փոխհարաբերությունները։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ

Ամուսնանալով նոր ընտանիք ես ստեղծում։ Աստվածաշունչն ասում է, որ ամուսնանալով տղամարդը «թողնում է իր հորն ու մորը և միանում իր կնոջը»։ Նույնը վերաբերում է կնոջը։ Երբ նա ամուսնանում է, «մեկ մարմին» է դառնում իր ամուսնու հետ։ Այդպես ստեղծվում է նոր ընտանիք (Մատթեոս 19։5

Կողակիցդ պետք է ավելի կարևոր լինի քեզ համար։ «Ամուսնության մեջ ամենակարևոր բաներից մեկն այն է, որ ամուսինն ու կինը սովորեն ամեն հարցում հաշվի առնել միմյանց տեսակետներն ու ցանկությունները»,— նշում է ընտանեկան հարցերով խորհրդատու Ջոն Գոտմանը։ Նա ավելացնում է. «Կողակցիդ հետ միասնական լինելու կամ այդ միասնությունը վերականգնելու համար գուցե հարկ լինի որոշ չափով «կտրվել» հարազատներից» (The Seven Principles for Making Marriage Work)։

Երբեմն ծնողների համար գուցե դժվար լինի հարմարվել նոր իրավիճակին։ Մի երիտասարդ տղամարդ ասում է. «Ամուսնությունից առաջ կինս միշտ իր ծնողների ցանկություններն էր առաջնային համարում։ Սակայն մեր ամուսնությունից հետո կնոջս առաջնահերթությունները փոխվեցին։ Նրա մայրը նկատում էր, որ իր աղջիկը սկսել է ավելի կարևոր համարել իր կողակցի ցանկությունները, և դժվարությամբ էր ընդունում այդ իրողությունը»։

Նոր ամուսնացածների համար գուցե նույնպես դժվար լինի։ Ջեյմսը, որի խոսքերը մեջբերվել են հոդվածի սկզբում, ասում է. «Կողակցի ծնողներին չես կարող ընտրել, ինչպես ընկեր կընտրեիր։ Կարծես քեզ ասում են. «Համաձայն ես, թե ոչ, այժմ դու երկու նոր ընկեր ունես»։ Եվ անգամ եթե նրանք քեզ նյարդայնացնում են, միևնույնն է, նրանք քո հարազատներն են»։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Եթե դու և կողակիցդ տարաձայնություններ եք ունենում ձեր հարազատներին առնչվող որևէ հարցում, փորձեք երկուսով լուծում գտնել։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Խաղաղությո՛ւն փնտրիր և հետամո՛ւտ եղիր դրան» (Սաղմոս 34։14

Այդ խորհրդին հետևելու համար օգտակար կլինի քննել հետևյալ իրավիճակները։ Չնայած այդ իրավիճակները ներկայացվում են կա՛մ ամուսնու, կա՛մ կնոջ տեսանկյունից, սակայն դրանք երկուսին էլ կարող են առնչվել և երկուսն էլ կարող են օգուտներ քաղել քննարկվող սկզբունքներից։

Կինդ ուզում է, որ դու իր մոր հետ լավ փոխհարաբերություններ ունենաս։ Բայց քեզ համար դժվար է լեզու գտնել զոքանչիդ հետ։

Փորձիր հետևյալը։ Խնդրի մասին խոսիր կնոջդ հետ և պատրաստ եղիր զիջումներ անել։ Այս հարցում կարևոր դեր է խաղում ոչ թե քո վերաբերմունքը զոքանչիդ հանդեպ, այլ քո զգացմունքները կնոջդ հանդեպ, որին խոստացել ես միշտ սիրել։ Կողակցիդ հետ խորհրդակցելով՝ որոշիր, թե ինչ գործնական քայլեր կարող ես ձեռնարկել քո և զոքանչիդ փոխհարաբերությունները բարելավելու համար, և վարվիր այդ որոշման համաձայն։ Երբ կինդ տեսնի քո ջանքերը, նրա հարգանքը քո հանդեպ անշուշտ կավելանա։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Կորնթացիներ 10։24։

Ամուսինդ ասում է, որ դու ավելի շատ քո ծնողներին ես հաճեցնում, քան իրեն։

Փորձիր հետևյալը։ Խոսիր խնդրի մասին ամուսնուդ հետ և փորձիր իրավիճակին նայել նրա տեսանկյունից։ Իհարկե, ամուսինդ չպետք է անհանգստանա, եթե դու ուշադրություն ու հարգանք ես դրսևորում ծնողներիդ հանդեպ, ինչը պարտավոր ես անել (Առակներ 23։22)։ Սակայն մյուս կողմից՝ գուցե կարիք լինի խոսքերով և գործերով վստահեցնել ամուսնուդ, որ նա քեզ համար ավելի կարևոր է։ Եթե նա համոզված լինի դրանում, ապա չի մտածի, թե դու ավելի շատ ուշադրություն ես դարձնում ծնողներիդ, քան իրեն։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Եփեսացիներ 5։33։

Կինդ, քեզնից խորհուրդ հարցնելու փոխարեն, դիմում է իր ծնողներին։

Փորձիր հետևյալը։ Խոսիր կնոջդ հետ, և երկուսով այդ հարցի հետ կապված որոշակի սահմաններ դրեք։ Ձգտիր ողջամիտ լինել։ Արդյոք մի՞շտ է սխալ որևէ անհանգստացնող հարցի մասին խոսել ծնողի հետ։ Ո՞ր դեպքերում է դա տեղին։ Եթե երկուսով միասին որոշեք, թե ծնողների հետ ինչ հարցերի մասին կարող եք խոսել և ինչ հարցերի մասին՝ չեք կարող, այդ դեպքում խնդիր չի առաջանա։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Փիլիպպեցիներ 4։5։

^ պարբ. 4 Այս հոդվածում անունները փոխված են։