Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ի՞նչ կարող ենք անել, երբ ուժասպառ ենք լինում

Ի՞նչ կարող ենք անել, երբ ուժասպառ ենք լինում

ԱՆԻԼԸ ուժասպառ էր եղել։ Նա ընդունվել էր նոր աշխատանքի, որի շնորհիվ կարող էր ունենալ հեղինակավոր դիրք ու ավելի բարձր աշխատավարձ։ Բայց նա ստիպված էր աշխատել մինչև ուշ գիշեր, նաև շաբաթ-կիրակի օրերին, երբեմն շաբաթական մինչև 80 ժամ։ Անիլը պատմում է. «Աշխատավայրում իսկական քաոս էր տիրում, և գործի ողջ պատասխանատվությունը ինձ վրա էր։ Ինքս ինձ ասում էի. «Այս ի՞նչ արեցի։ Եթե որևէ բան չփոխեմ, վերջիվերջո շունչս կփչեմ»։ Անիլի ուժերն արագորեն սպառվում էին։

Ուժերի սպառումը ընդամենը սովորական հոգնածություն և ամենօրյա աշխատանքային սթրես չէ։ Այն բնորոշվում է քրոնիկ հյուծվածությամբ, վհատության ծանր զգացումով և թուլությամբ։ Ուժասպառությամբ տառապող մարդիկ անտարբեր են դառնում իրենց աշխատանքի հանդեպ, կորցնում են խանդավառությունը, և նվազում է նրանց աշխատանքի արդյունավետությունը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուժերի սպառումը կապ ունի նաև տարբեր զգացական և առողջական խնդիրների հետ։

Իսկ ի՞նչը կարող է ուժերի սպառման պատճառ լինել։ Հաճախ պատճառը գերծանրաբեռնված աշխատանքն է։ Տնտեսական ծանր վիճակի պատճառով որոշ գործատերեր պահանջում են, որ իրենց աշխատողները ավելի երկար աշխատեն և երբեմն նույնիսկ ավելի քիչ աշխատավարձով։ Այսօր ժամանակակից տեխնիկայի շնորհիվ մարդիկ կարողանում են չկտրվել իրենց գործից անգամ աշխատանքից հետո, և այդ պատճառով դժվար է լինում անձնական կյանքը տարանջատել աշխատանքից։ Ոմանց համար ուժերի սպառման պատճառ է լինում, օրինակ, գործը կորցնելու վախը կամ այն զգացումը, որ իրենց հետ անարդար են վարվում, կամ էլ այն, որ աշխատանքի հետ կապված շատ հարցեր իրենց վերահսկողությունից դուրս են։ Ուժասպառություն կարող են առաջ բերել նաև ոչ հստակ առաջնահերթությունները կամ աշխատակիցների հետ ունեցած ընդհարումները։

Ուժերի սպառման պատճառ կարող է լինել նաև հենց ինքը մարդը։ Կարիերայի մեջ որոշակի նպատակների հասնելու և ավելի շատ գումար վաստակելու համար ոմանք ավելի շատ են աշխատում։ Այդպիսի մարդիկ գուցե չափից շատ պարտականություններ վերցնեն իրենց ուսերին և աստիճանաբար ուժասպառ լինեն։

Եթե դու ուժասպառ ես եղել, ի՞նչ կարող ես անել այդ վիճակից դուրս գալու համար։ Գուցե քեզ թվա, թե անհնար է ինչ-որ բան անել, եթե գտնվում ես այնպիսի հանգամանքներում, որոնք չես կարող փոխել։ Եկ քննենք չորս քայլեր, որոնք կօգնեն քեզ հաղթահարելու այդ խնդիրը։

 1. ՎԵՐԱՆԱՅԻՐ ՔՈ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մտածիր, թե ի՞նչն է քեզ համար ավելի կարևոր։ Շատերը թերևս առաջնային համարեն ընտանիքն ու լավ առողջությունը։ Եթե ուժասպառ լինես, ամենայն հավանականությամբ, կտուժեն հենց այս կարևոր բաները։

Հստակ առաջնահերթություններ դնելով՝ դու կկարողանաս դժվար որոշումներ կայացնել և որոշ հարցերում զոհողություններ անել։ Օրինակ՝ գուցե նկատես, որ աշխատանքիդ պատճառով աստիճանաբար ուժասպառ ես լինում։ Բայց թերևս մտածես. «Չեմ կարող աշխատանքս փոխել և չեմ կարող ավելի քիչ աշխատել, քանի որ փողի կարիք ունեմ»։ Ճիշտ է, բոլորս էլ փողի կարիք ունենք, բայց հարցն այն է, թե որքան, և թե այդքան գումար վաստակելն ինչպես կանդրադառնա մեզ համար կարևոր բաների վրա։

Զգույշ եղիր, որ ճնշման տակ ուրիշների առաջնահերթությունները քոնը չդարձնես։ Հնարավոր է՝ դու և քո գործատերը կյանքում տարբեր բաների կարևորություն տաք։ Շատերը գուցե որոշեն աշխատանքը առաջին տեղում դնել, բայց դա չի նշանակում, թե դու էլ պետք է այդպես վարվես։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԲ ՄԱՐԴ ԱՌԱՏՈՒԹՅԱՄԲ ՈՒՆԻ, ՆՐԱ ԿՅԱՆՔԸ ԿԱԽՎԱԾ ՉԷ ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԻՑ» (ՂՈՒԿԱՍ 12։15)

2. ՊԱՐԶԵՑՐՈՒ ԿՅԱՆՔԴ

Դու կարող ես նվազեցնել սթրեսը և ժամանակ գտնել կարևոր բաների համար, եթե օրինակ՝ կրճատես աշխատաժամերդ կամ խնդրես գործատիրոջդ, որ պակասեցնի քո աշխատանքային պարտականությունները, կամ գուցե որոշես փոխել աշխատանքդ։ Ինչպիսի որոշում էլ կայացնես, հարկ կլինի որոշակի փոփոխություններ անել փողին առնչվող հարցերում, ինչպես նաև ապրելակերպիդ մեջ։ Դա անհնարին բան չէ, ոչ էլ այնքան դժվար է, որքան կարող է թվալ։

Շատ երկրներում հասարակության մեջ, որը տարված է զանազան ապրանքների առուծախով, այն տեսակետն է տարածված, թե երջանկությունը կախված է վաստակած գումարի չափից և նյութական ունեցվածքից։ Սակայն իրականում երջանկությունը կախված չէ այդ բաներից։ Պարզ ապրելակերպը տալիս է բավարարվածության զգացում և որոշակի ազատություն։ Այդպիսի կյանքով ապրելու համար գուցե հարկ լինի նվազեցնել ծախսերը և գումար խնայել։ Եթե պարտքեր ունես, աշխատիր քչացնել դրանք կամ ամբողջությամբ փակել։ Ընտանիքիդ անդամների հետ խոսիր այն մասին, թե ինչ փոփոխությունների կարիք կա, և նրանցից օգնություն խնդրիր։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «ԵԹԵ ՈՒՏԵԼԻՔ, ՀԱԳՈՒՍՏ ԵՎ ԾԱԾԿ ՈՒՆԵՆՔ, ԴՐԱՆՑՈՎ ԲԱՎԱՐԱՐՎԵՆՔ» (1 ՏԻՄՈԹԵՈՍ 6։8)

 3. ՄՏԱԾԻՐ, ԹԵ ԵՐԲ Է ՏԵՂԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՈՐՈՇ ԳՈՐԾԵՐԻՑ

Եթե աշխատանքային պարտականություններդ չափազանց շատ են, կամ եթե անդադար ինչ-որ խնդրի ես բախվում աշխատավայրում, խոսիր այդ մասին քո գործատիրոջ հետ։ Հնարավորության դեպքում առաջարկիր լուծումներ, որոնք օգտավետ կլինեն և՛ քեզ համար, և՛ գործատիրոջդ համար։ Վստահեցրու նրան, որ պատասխանատվությամբ ես վերաբերվում աշխատանքիդ և բացատրիր, թե ինչ ես պատրաստ անելու, բայց միևնույն ժամանակ հստակ ասա, թե ինչ չե՛ս կարող անել և հաստատակամ եղիր այդ հարցում։

Ձգտիր լինել ըմբռնող և իրատես։ Եթե ցանկանում ես ավելի քիչ աշխատել, գործատերդ թերևս ճիշտ համարի, որ դու ավելի քիչ վարձատրվես։ Մտածիր հավանական հետևանքների մասին, օրինակ՝ աշխատանքը կորցնելու վտանգի մասին, և պատրաստ եղիր համապատասխան քայլեր ձեռնարկելու։ Հիշիր, որ նոր աշխատանք գտնելու հավանականությունն ավելի մեծ է, քանի դեռ աշխատում ես։

Նույնիսկ գործատիրոջդ հետ փոխհամաձայնության գալուց հետո հնարավոր է, որ քեզ վրա ճնշում բանեցնեն, որ ավելի շատ գործ անես։ Ի՞նչը կօգնի, որ հաստատակամ մնաս։ Բարեխղճորեն կատարիր այն պարտականությունները, որոնց մասին պայմանավորվել ես գործատիրոջդ հետ։ Այդպես վարվելով՝ կկարողանաս ազատորեն խնդրել նրան, որ նա էլ իր խոսքը պահի, և գործդ չլինի պայմանավորվածից շատ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «ԹՈՂ ՁԵՐ «ԱՅՈ»-Ն ԱՅՈ ԼԻՆԻ, ԵՎ «ՈՉ»-Ը՝ ՈՉ» (ՄԱՏԹԵՈՍ 5։37)

 4. ՎԵՐԱԿԱՆԳՆԻՐ ՈՒԺԵՐԴ

Նույնիսկ եթե աշխատանքիդ հետ կապված լուրջ խնդիրներ չկան, միևնույնն է, դու գուցե որոշ սթրեսների ենթարկվես, առնչվես ծանր բնավորության տեր մարդկանց հետ կամ տհաճ իրավիճակներում հայտնվես։ Ուստի անհրաժեշտ է, որ վերականգնես ուժերդ։ Աշխատիր բավականաչափ քնել և ժամանակ տրամադրել հանգստին։ Պարտադիր չէ, որ դու և ընտանիքդ մեծ գումարներ ծախսեք, որ թարմություն ստանաք ժամանցից։

Ձգտիր ունենալ այնպիսի հետաքրքրություններ, որոնք կապ չունեն աշխատանքիդ հետ, ինչպես նաև ընկերներ, որոնք քո աշխատակիցները չեն։ Ինքդ քո մասին կարծիք մի կազմիր զուտ այն բանի հիման վրա, թե ինչ գործ ես անում և որքան ես աշխատում։ Մի գրքում ասվում է. «Այն, թե ինչպիսի անձնավորություն ես դու, չի որոշվում քո կատարած աշխատանքով» (Your Money or Your Life)։ Եթե գլխավորաբար աշխատանքով ես որոշում, թե ինչպիսի մարդ ես դու, և ինքնահարգանքդ կախված է միայն դրանից, ապա քեզ համար շատ դժվար կլինի կյանքում քիչ նշանակություն տալ աշխատանքին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԻ ԲՈՒՌ ՀԱՆԳԻՍՏ, ՔԱՆ ԵՐԿՈՒ ԲՈՒՌ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՎԱԶՔ՝ ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԻՑ» (ԺՈՂՈՎՈՂ 4։6)

Եթե ուժասպառ ես եղել, կարո՞ղ ես որոշ փոփոխություններ անել, որ դուրս գաս այդ վիճակից։ Անիլը, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, կարողացավ անել հարկ եղած փոփոխությունները։ Նա պատմում է. «Ես դիմեցի իմ նախկին գործատիրոջը և հարցրի, թե կարող է արդյոք ինձ կրկին աշխատանքի ընդունել։ Նա համաձայնվեց։ Ինձ համար դժվար էր հանդիպել նախկին գործընկերներիս, քանի որ նրանց ասել էի, որ ավելի լավ գործ եմ գտել։ Բացի այդ, այժմ պետք ապրեի ավելի քիչ եկամտով։ Բայց ես ձեռք բերեցի մտքի խաղաղություն և արդեն կարողանում էի ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքիս և ինձ համար կարևոր այլ բաների»։