Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պրասլեն (Սեյշելյան կղզիներ), որտեղ 1881 թ.-ին գեներալ Գորդոնը հայտնաբերեց իր Եդեմի պարտեզը

Դրախտ՝ երկրի վրա. պատրա՞նք, թե՞ իրականություն

Դրախտ՝ երկրի վրա. պատրա՞նք, թե՞ իրականություն

Դրախտ... Գունազարդ ուղեցույցները զբոսաշրջիկներին գայթակղիչ առաջարկներ են անում մեկնելու հեռավոր դրախտային վայրեր՝ հանգստանալու և բոլոր մտահոգություններն ու խնդիրները մոռանալու նպատակով։ Բայց բոլորիս հայտնի է, որ երբ վերադառնում ենք տուն, կրկին բախվում ենք կյանքի դառը իրականությանը։

Այնուհանդերձ, դրախտի գաղափարը գերում է մարդկանց։ Մենք հաճախ մտածում ենք. «Դրախտը ընդամենը պատրա՞նք է։ Եթե այո, ապա ինչո՞ւ են մարդիկ տենչում դրան։ Հնարավո՞ր է, որ այն երբևէ իրականություն դառնա»։

ԴՐԱԽՏԻ ԳԱՂԱՓԱՐԸ ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ Է ՏԱՐԲԵՐ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դարեր շարունակ մարդկանց հրապուրել է դրախտի գաղափարը։ Շատերի մեջ հետաքրքրություն է առաջացրել «արևելյան կողմում՝ Եդեմում» գտնվող պարտեզի նկարագիրը, որը տրված է Աստվածաշնչում։ Ինչո՞ւ էր այդ պարտեզի նկարագրությունը գերում մարդկանց։ Աստվածաշնչյան արձանագրությունն ասում է. «Եհովա Աստված հողից աճեցրեց ամեն ծառ՝ աչքերի համար ցանկալի ու լավ պտուղներ ունեցող»։ Այդ պարտեզը հաճելի ու գեղեցիկ վայր էր։ Դրախտի նկարագրությունը հրապուրում էր մարդկանց հատկապես այն պատճառով, որ, ինչպես նշված է Աստվածաշնչում, դրա «մեջտեղում կյանքի ծառն» էր (Ծննդոց 2։8, 9

Բացի այդ, «Ծննդոց» գրքում հիշատակվում են չորս գետեր, որոնք դուրս էին գալիս այդ պարտեզից։ Դրանցից երկուսը մեզ հայտնի Տիգրիս (կամ՝ Հիդդեկել) և Եփրատ գետերն են (Ծննդոց 2։10–14; ծանոթագրություն)։ Այս երկու գետերը թափվում են Պարսից ծոց՝ հոսելով այժմյան Իրաքի միջով, որը նախկինում հին Պարսկաստանի կազմի մեջ է եղել։

Ուստի հասկանալի է, թե ինչու է երկրային դրախտի գաղափարը պարսկական մշակույթի անքակտելի մասը։ Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում (Փենսիլվանիա, ԱՄՆ) ցուցադրված է ծառերի ու ծաղիկների նախշերով 16-րդ դարի մի կարպետ, որի վրա պատկերված է ցանկապատված պարտեզ։ «Ցանկապատված պարտեզ» թարգմանված պարսկերեն բառը նշանակում է նաև «դրախտ», և այդ կարպետի վրա պատկերված տեսարանը արտացոլում է գեղեցիկ ու շքեղ Եդեմի պարտեզի աստվածաշնչյան նկարագրությունը։

Իրականում, դրախտի մասին պատմություններ պատմվում են բազմաթիվ լեզուներով աշխարհի տարբեր մշակույթներում։ Երբ մարդիկ ցրվեցին ողջ աշխարհով, սկսեցին յուրովի ներկայացնել դրախտի մասին սկզբնական պատմությունը, և դարերի ընթացքում այն միախառնվեց նրանց բնակության վայրերում ընդունված հավատալիքներին ու առասպելներին։ Նույնիսկ այսօր մարդիկ բնության գեղատեսիլ վայրերի մասին խոսելիս դրանք ենթագիտակցաբար «դրախտ» են կոչում։

ԴՐԱԽՏԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ

Որոշ հետազոտողներ պնդում էին, որ գտել են կորած դրախտը։ Օրինակ՝ երբ 1881 թ.-ին բրիտանական զորքի գեներալ Չարլզ Գորդոնը գնաց Սեյշելյան կղզիներ, այնքան տպավորվեց Վալի դը Մեյ հովտի (այժմ Համաշխարհային ժառանգության ցուցակում է) շլացուցիչ գեղեցկությամբ, որ հայտարարեց, թե այն Եդեմի պարտեզն է։ Իսկ 15-րդ դարում, երբ իտալացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը ոտք դրեց Էսպանյոլա կղզի, որտեղ այժմ գտնվում են Դոմինիկյան Հանրապետությունն ու Հայիթի պետությունը, մտածեց, որ մոտ է Եդեմի պարտեզը հայտնաբերելուն։

Պատմության մասին ժամանակակից մի գրքում ընդգրկված են 190-ից ավելի հին մանրամասն քարտեզներ, որոնցից շատերում պատկերված են Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում (Mapping Paradise)։ Դրանց թվում կա Բեատուս Լիեբանացու ձեռագրի՝ 13-րդ դարով թվագրված օրինակից վերցված մի արտասովոր քարտեզ։ Այդ քարտեզի վերին հատվածում պատկերված է փոքր ուղղանկյուն, որի կենտրոնում դրախտն է։ Այդտեղից հոսում են չորս գետեր, որոնց կողքին նշված են դրանց անունները՝ «Տիգրիս», «Եփրատ», «Փիսոն» և «Գեհոն»։ Յուրաքանչյուրը հոսում է դեպի ուղղանկյան չորս անկյուններից մեկը, ինչը ենթադրաբար մատնանշում է քրիստոնեության տարածումը երկրի չորս անկյուններով։ Այսպիսի պատկերումները ցույց են տալիս, որ թեև սկզբնական դրախտի գտնվելու վայրը հայտնի չի եղել, սակայն դրա մասին սերնդեսերունդ փոխանցվող պատմությունները մարդկանց սրտում վառ են պահել դրա նկատմամբ նրանց փափագը։

17-րդ դարի անգլիացի բանաստեղծ Ջոն Միլթոնը հայտնի է «Դրախտ կորուսյալ» իր պոեմով, որը հիմնված է Ադամի գործած մեղքի և Եդեմից նրա արտաքսման մասին «Ծննդոց» գրքի արձանագրության վրա։ Այդ պոեմում նա ընդգծել է, որ խոստման համաձայն՝ երկրի վրա հավիտենական կյանքը վերականգնվելու է, և ասել է. «Այդ ժամանակ երկիրն ամբողջությամբ դրախտ կդառնա»։ Ավելի ուշ Միլթոնը գրել է այդ պոեմի շարունակությունը, որը կոչել է «Դրախտ վերադարձյալ»։

ԱՅԼ ՏԵՂ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ

Հստակ է, որ կորած երկրային դրախտի գաղափարը կարմիր թելով անցնում է մարդկային պատմության էջերով։ Այդ դեպքում ինչո՞ւ է այն անտեսվում այսօր։ Հիմնականում այն պատճառով, որ, ինչպես նշված է վերոնշյալ աշխատությունում, «աստվածաբանները.... երես են թեքել դրախտի գտնվելու վայրի վերաբերյալ հարցից»։

Եկեղեցու այցելուներից շատերին սովորեցնում են, որ նրանց վերջնական հանգրվանը երկինքն է և ոչ թե երկրային դրախտը։ Մինչդեռ Աստվածաշնչում՝ Սաղմոս 37։29-ում, ասվում է. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա»։ Քանի որ այսօրվա աշխարհում կյանքը դրախտային չես կոչի, հույս կա՞, որ այս խոստումը երբևէ կիրագործվի։ *

ԵՐԿՐԻ ՎՐԱ ԴՐԱԽՏԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Եհովա Աստված, որն ի սկզբանե ստեղծել էր դրախտը, խոստացել է վերականգնել այն։ Ինչպե՞ս։ Հիշենք, որ Հիսուսը սովորեցրեց մեզ աղոթել. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։ Այդ Թագավորությունը համաշխարհային կառավարություն է, որի Թագավորը Հիսուս Քրիստոսն է, և որը կփոխարինի մարդկային բոլոր կառավարություններին (Դանիել 2։44)։ Երբ այդ Թագավորությունը հաստատվի երկրի վրա, Աստծու կամքը «կկատարվի», և երկիրը դրախտի կվերածվի։

Ավելի վաղ Եսայիա մարգարեն Աստծու ներշնչմամբ նկարագրել էր, թե ինչ պայմաններ էին տիրելու խոստացված դրախտում։ Այնտեղ այլևս չէին լինելու այն ճնշումներն ու բախումները, որոնք այսօր ցավ են պատճառում մարդկությանը (Եսայիա 11։6–9; 35։5–7; 65։21–23)։ Մենք հորդորում ենք ձեզ մի քանի րոպե հատկացնել և կարդալ նշված համարները ձեր Աստվածաշնչում։ Այդպես դուք անձամբ կտեսնեք, թե ինչ է Աստված նախատեսել հնազանդ մարդկանց համար։ Նրանք կվայելեն կյանքը դրախտում, ինչպես նաև կունենան Աստծու բարեհաճությունը, բաներ, որ կորցրեց Ադամը (Հայտնություն 21։3

Այսպիսով՝ ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ երկրային դրախտը պատրանք չէ, այլ իրականություն է։ Պատճառն այն է, որ Աստվածաշունչն ասում է. «Երկինքը Եհովային է պատկանում, իսկ երկիրը նա մարդկանց որդիներին է տվել»։ Երկրային դրախտի վերաբերյալ հույսը տվել է «Աստված, որը չի կարող ստել» (Սաղմոս 115։16; Տիտոս 1։2)։ Այո՛, Աստվածաշունչը խոստանում է հավերժական դրախտ։ Ի՜նչ հրաշալի հեռանկար։

^ պարբ. 15 Հետաքրքիր է, որ Ղուրանում՝ «Ալ-Անբիյայի»՝ 21-րդ սուրահի 105-րդ համարում, գրված է. «Արժանի ծառաներս, երկրի ժառանգորդն են լինելու»։