Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստծու սերն ու հոգատարությունը ինչպես կարող են փոխել ձեր կյանքը

Աստծու սերն ու հոգատարությունը ինչպես կարող են փոխել ձեր կյանքը

Աստված մեր օրգանիզմը ստեղծել է ինքնավերականգնվելու զարմանահրաշ ունակությամբ։ Երբ մեր մարմնի վրա կտրվածք, քերծվածք կամ որևէ այլ վնասվածք է առաջանում, օրգանիզմը «գործի է գցում իրար հաջորդող պրոցեսների մի բարդ մեխանիզմ, որի նպատակը վերքերը բուժելն է՝ լինեն դրանք մեծ թե փոքր» (Johns Hopkins Medicine)։ Օրգանիզմը իսկույն «քայլեր է ձեռնարկում», որ դադարեցնի արյունահոսությունը, վերականգնի վնասված հյուսվածքները և ամրացնի դրանք։

ՄՏԱԾԵՔ։ Եթե Արարիչը մեր օրգանիզմը ստեղծել է ինքնավերականգնվելու և ֆիզիկական վերքերը բուժելու ունակությամբ, ապա մի՞թե չենք կարող վստահ լինել, որ Նա, ինչպես և խոստացել է, կբուժի նաև մեր զգացական վերքերը։ Սաղմոսերգուն Աստծու մասին գրել է. «[Նա] բուժում է սրտով կոտրվածներին և կապում է նրանց վերքերը» (Սաղմոս 147։3)։ Եթե դուք էլ ունեք զգացական խոր վերքեր կամ հոգեկան ծանր ապրումներ ու մտատանջություններ, ապա ինչպե՞ս կարող եք համոզված լինել, որ Եհովան կարող է «կապել» ձեր վերքերը թե՛ այսօր, թե՛ ապագայում։

Ի՞ՆՉ ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

Աստված վստահեցնում է. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ» (Եսայիա 41։10)։ Երբ մարդ իմանում է, որ Եհովան սիրում է իրեն ու հոգ է տանում իր մասին, ձեռք է բերում հոգեկան անդորր և ուժ՝ տարբեր դժվարություններ հաղթահարելու համար։ Պողոս առաքյալը այդ հոգեկան անդորրը անվանեց «Աստծու խաղաղություն, որ գերազանցում է ամեն միտք»։ Նա նաև ասաց. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։4–7, 9, 13

Աստվածաշունչն օգնում է, որ ամրացնենք մեր հավատը մարդկության ապագայի հետ կապված Եհովայի խոստումների հանդեպ։ Օրինակ՝ Հայտնություն 21։4, 5 համարներում ասվում է, թե նա ինչ է անելու, և թե ինչու կարող ենք վստահ լինել, որ նա կիրականացնի իր խոստումները։

  • «Նա կսրբի ամեն արտասուք» մարդկանց աչքերից։ Այո՛, Եհովան կվերացնի ամեն տառապանք ու ցավ, ամեն մտահոգություն, նույնիսկ այնպիսիք, որ ուրիշների աչքին գուցե աննշան թվան։

  • Բոլոր ստեղծվածների Ամենակարող Թագավորը, երկնային փառքի մեջ «նստած գահին», իր զորությունն ու իշխանությունը գործի կդնի, որ մարդկանց պաշտպանի ամեն տեսակ տառապանքից և օգնի ամեն հարցում։

  • Եհովան հավաստիացնում է, որ իր խոստումները «հավատարիմ են ու ճշմարիտ»։ Դա նշանակում է, որ նա՝ որպես ճշմարիտ Աստված, իր համբավով է երաշխավորում, որ իր բոլոր խոստումները կիրականանան։

««Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։ Նա, որ նստած էր գահին, ասաց. «Ահա ամեն բան նոր եմ անում»։ Նաև ասաց. «Գրի՛ր, որովհետև այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ»» (Հայտնություն 21։4, 5

Մեզ շրջապատող բնությունը, տիեզերքը, ինչպես նաև Աստվածաշունչը ցույց են տալիս, թե ինչպիսի անձնավորություն է և ինչ հատկություններ ունի մեր երկնային Հայրը։ Բնությունն անբարբառ կերպով հորդորում է ճանաչել Արարչին, մտերմանալ նրա հետ, դառնալ նրա ընկերը, իսկ Աստվածաշունչը բառացի հրավեր է ուղղում բոլորին։ Այնտեղ կարդում ենք. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Իսկ Գործեր 17։27-ում ասվում է. «Նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ»։

Եթե ժամանակ տրամադրեք ու խորությամբ ճանաչեք Աստծուն, ավելի կհամոզվեք, որ «նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։ Իսկ ի՞նչ օգուտներ կբերի այդ համոզվածությունը և Եհովայի հանդեպ վստահությունը։

Նկատի առնենք Թորուի օրինակը (Ճապոնիա)։ Թեև նրան մեծացրել էր իր մայրը, որը քրիստոնյա էր, նա ընդգրկվեց յակուձայի՝ ճապոնական մաֆիայի մեջ՝ դառնալով այդ վայրագ ու այլասերված աշխարհի մի մասը։ Թորուն պատմում է. «Ես համոզված էի, որ Աստված ատում է ինձ, ու երբ իմ շրջապատից մարդիկ էին մահանում, հատկապես ինձ համար թանկ որևէ անձնավորություն, մտածում էի, որ այդպես Աստված պատժում է ինձ»։ Թորուն խոստովանում է, որ ունենալով այդպիսի բացասական մտածելակերպ և կյանքն անցկացնելով նման անառողջ միջավայրում՝ ինքը դարձել էր «անսիրտ ու անզգա անձնավորություն»։ Նա պատմում է, թե այդ ժամանակ որն էր իր կյանքի նպատակը. «Ես ուզում էի մեռնել երիտասարդ, բայց մինչ այդ սպանել ինձանից ավելի անվանի մեկին և այդպիսով մեծ հռչակ ձեռք բերել»։

Թորուն և նրա կինը՝ Հաննան, սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Դրա շնորհիվ Թորուն արմատապես փոխեց իր կյանքն ու աշխարհայացքը։ Հաննան պատմում է. «Ես տեսնում էի՝ ինչպես է ամուսինս աչքիս առաջ փոխվում»։ Այժմ Թորուն Աստծու մասին բոլորովին այլ տեսակետ ունի։ Նա ասում է. «Իսկապես կա Աստված, ով հոգ է տանում մեզանից յուրաքանչյուրի մասին։ Նա չի ուզում, որ ինչ-որ մեկը մահանա, և պատրաստ է ներել բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն զղջում են իրենց սխալների համար։ Նա լսում է, երբ աղոթում ենք իրեն ու պատմում բաներ, որ ուրիշ ոչ ոքի չենք կարող ասել, որ ուրիշ ոչ ոք չի կարող հասկանալ։ Շատ շուտով Եհովան կվերացնի ամեն տեսակ դժվարություն, տառապանք ու ցավ։ Նա այսօր էլ օգնում է մեզ, երբեմն նույնիսկ բոլորովին անսպասելի կերպով։ Նա սիրում է մեզ և օգնության է հասնում, երբ վհատվում ենք» (Սաղմոս 136։23

Ինչպես ցույց է տալիս Թորուի օրինակը, երբ մարդ իմանում է, որ Աստված կարող է և շուտով կվերացնի ամեն տառապանք ու կսրբի ամեն արտասուք, անխախտ հույսով է լցվում և կարողանում է ավելի լավ կյանքով ապրել նաև հիմա։ Այո՛, անգամ տառապանքով լեցուն այս աշխարհում Աստծու սիրառատ հոգատարությունը կարող է մեր կյանքը իմաստով լցնել։