Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)

Աստված լսո՞ւմ է մեր աղոթքները

Աստված լսո՞ւմ է մեր աղոթքները

Երբևէ կասկածե՞լ եք, որ Աստված լսում է ձեր աղոթքները։ Եթե այո, դուք միակը չեք։ Շատերի մեջ են նման կասկածներ ծագել, երբ իրենց աղոթքների պատասխանը չեն ստացել։ Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, թե Աստված անտեսել է այդ մարդկանց աղոթքները։ Ո՛չ։ Սուրբ Գիրքը հավաստիացնում է, որ Աստված լսում է, երբ ճիշտ ձևով աղոթում ենք իրեն։ Եկեք նկատի առնենք այդ հավաստիացումները։

ԱՍՏՎԱԾ ԻՍԿԱՊԵՍ ԼՍՈՒՄ Է

«Ո՜վ աղոթքներ Լսող, ամեն մարմին քեզ մոտ է գալու» (Սաղմոս 65։2

Որոշ մարդիկ աղոթում են, որովհետև ինչպես իրենք են ասում, դա օգնում է թեթևացած զգալ, թեև սրտի խորքում գուցե չեն էլ հավատում, որ ինչ-որ մեկը լսում է իրենց։ Բայց աղոթքը պարզապես հոգեթերապիա չէ, որն օգնում է գլուխ հանել խնդիրներից։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ «Եհովան * մոտ է բոլոր իրեն կանչողներին, բոլոր նրանց, ովքեր ճշմարտությամբ են կանչում իրեն։ Նա.... կլսի նրանց օգնության կանչը» (Սաղմոս 145։18, 19

Ուստի կարող ենք համոզված լինել, որ Եհովա Աստված լսում է իրեն պաշտողների աղոթքները։ Նա ջերմորեն ասում է. «Դուք կկանչեք ինձ, կգաք ու կաղոթեք ինձ, ու ես կլսեմ ձեզ» (Երեմիա 29։12

ԱՍՏՎԱԾ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԱՂՈԹԵՆՔ ԻՐԵՆ

«Աղոթքում հարատևեք» (Հռոմեացիներ 12։12)։

Աստվածաշունչը հորդորում է «շարունակ աղոթք անել» և «ամեն առիթով աղոթել»։ Հստակ է ուրեմն՝ Եհովան ուզում է, որ աղոթենք իրեն (Մատթեոս 26։41; Եփեսացիներ 6։18

Ինչո՞ւ։ Մտածեք՝ ո՞ր հայրը չի ցանկանա, որ իր երեխան ասի. «Հայրի՛կ, կօգնե՞ս ինձ»։ Իհարկե, հայրը տեղյակ է, թե իր զավակն ինչի կարիք ունի կամ ինչ է զգում, բայց երբ նա օգնության համար դիմում է իրեն, դա խոսում է հոր հանդեպ երեխայի ունեցած մեծ վստահության և կապվածության մասին։ Նմանապես, երբ աղոթում ենք Եհովա Աստծուն, ցույց ենք տալիս, որ վստահում ենք նրան և ուզում ենք մտերիմ լինել նրա հետ (Առակներ 15։8; Հակոբոս 4։8

ԱՍՏՎԱԾ ԻՍԿԱՊԵՍ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՁԵԶԱՆՈՎ

«Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։

Աստված ուզում է, որ աղոթենք իրեն, որովհետև սիրում է մեզ և հետաքրքրված է մեզանով։ Նա ամբողջովին տեղյակ է, թե ինչ հոգսեր ու մտահոգություններ ունենք և ցանկանում է օգնել մեզ։

Դավիթ թագավորը իր կյանքում օգնության համար միշտ Եհովա Աստծուն է աղոթել և պատմել է Նրան իր հոգսերի ու զգացումների մասին (Սաղմոս 23։1–6)։ Իսկ Աստված ի՞նչ էր զգում Դավթի հանդեպ։ Նա շատ սիրում էր իր այդ ծառային և լսում էր նրա բոլոր աղոթքները (Գործեր 13։22)։ Աստված ձեր աղոթքներն էլ է լսում, որովհետև հոգ է տանում ձեր մասին։

«ԵՍ ՍԻՐՈՎ ԵՄ ԼՑՎԱԾ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՀՈՎԱՆ ԼՍՈՒՄ Է ԻՄ ՁԱՅՆԸ»

Այս խոսքերը ասել է Աստվածաշնչի գրողներից մեկը։ Նա վստահ էր, որ Աստված լսում է իր աղոթքները, և այդ բանի գիտակցումը շատ էր օգնում նրան։ Սաղմոսերգուն իրեն մտերիմ էր զգում Աստծու հետ և այդ մտերմությունից ուժ էր ստանում կյանքի դժվարությունների և վշտերի դեմ պայքարելու համար (Սաղմոս 116։1–9

Եթե համոզված լինենք, որ Աստված լսում է մեզ, միշտ կաղոթենք նրան։ Նկատի առնենք Իսպանիայի հյուսիսում բնակվող Պեդրոյի օրինակը։ Նրա 19-ամյա որդին ավտովթարից մահացավ։ Ծանր վշտի պահերին Պեդրոն իր սիրտը բացում էր Աստծու առաջ և կրկին ու կրկին ուժ ու մխիթարություն էր խնդրում նրանից։ Պեդրոն պատմում է. «Եհովան պատասխանեց աղոթքներիս. նա մեր հավատակիցների միջոցով շատ մխիթարեց ու օգնեց մեզ»։

Աստված մեր աղոթքներին հաճախ պատասխանում է հոգատար ընկերների միջոցով, որոնք մխիթարում և օգնում են մեզ

Իհարկե, այդ վշտահար հոր աղոթքները կյանքի չկոչեցին նրա որդուն, բայց դրանք շատ օգնեցին Պեդրոյին ու նրա ընտանիքին։ Պեդրոյի կինը՝ Մարիա Կարմենը, պատմում է. «Աղոթքների միջոցով կարողացա դիմանալ վշտիս ծանրությանը։ Համոզված էի, որ Եհովա Աստված լավ հասկանում է ինձ, քանի որ երբ աղոթում էի, սիրտս խաղաղությամբ էր լցվում»։

Աստվածաշունչը և կյանքից վերցված օրինակները հստակ ցույց են տալիս, որ Արարիչը իսկապես լսում է մեր աղոթքները։ Սակայն հստակ է նաև այն, որ նա ոչ բոլոր աղոթքներին է պատասխանում։ Իսկ Աստված ինչո՞ւ չի պատասխանում որոշ աղոթքների։

^ պարբ. 5 «Եհովան» Աստծու անունն է (Սաղմոս 83։18