Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հուլդան հասավ իր նպատակին

Հուլդան հասավ իր նպատակին

ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ Սանգիր Բեսար անունով մի փոքր կղզի կա։ Այստեղ են ապրում երեք քույրեր, որոնք հայտնի են որպես բարի լուրի քարոզիչներ, քանի որ օգնում են մարդկանց հասկանալ Աստվածաշունչը։ Մի քանի տարի առաջ նրանք միասին աշխատում էին ծովափին։ Իսկ ի՞նչ աշխատանք էին այդ քույրերն անում։

Սանգիր Բեսար կղզին Ինդոնեզիայի հյուսիսում

Նրանք մտնում էին ջուրը, ծանր քարեր փնտրում և իրենց գտածը դուրս բերում ափ։ Որոշ քարեր ֆուտբոլի գնդակի չափ էին։ Քույրերը նստում էին փայտե փոքր աթոռների վրա և մուրճով ջարդում այդ քարերը՝ դարձնելով դրանք հավի ձվի չափ։ Դրանից հետո մանրացված քարերը դնում էին պլաստմասսե դույլերի մեջ և աստիճաններով բարձրացնում դեպի իրենց բնակավայրը։ Այնտեղ քարերը տեղափոխում էին մեծ պարկերի մեջ, ինչից հետո դրանք բեռնատարներով տեղափոխվում էին և օգտագործվում ճանապարհաշինության մեջ։

Հուլդան ծովափին քարեր է հավաքում

Երեք քույրերից մեկը Հուլդան էր։ Նրա հանգամանքները թույլ էին տալիս, որ նա մյուսներից ավելի երկար աշխատեր։ Վաստակած գումարը սովորաբար բավականացնում էր ընտանիքի առօրյա ծախսերը հոգալու համար, սակայն Հուլդան մի նպատակ ուներ, որին հասնելու համար նրան հավելյալ գումար էր պետք։ Նա ուզում էր պլանշետ գնել, որպեսզի կարողանար օգտվել JW Library (JW գրադարան) հավելվածից։ Հուլդան գիտեր, որ այդ հավելվածի տեսանյութերն ու մյուս հրատարակությունները կօգնեն իրեն հարստացնել իր ծառայությունը և ավելի լավ հասկանալ Աստվածաշունչը։

Մեկ ու կես ամիս շարունակ ամեն առավոտ Հուլդան լրացուցիչ երկու ժամ էր աշխատում՝ մանրացնելով այնքան քար, որքան անհրաժեշտ էր մի փոքր բեռնատար լցնելու համար։ Ի վերջո նա այնքան գումար աշխատեց, որ կարողացավ պլանշետ գնել։

Հուլդան՝ պլանշետը ձեռքին

Հուլդան ասում է. «Ես ֆիզիկապես սպառված էի, և քարեր կոտրելիս ձեռքերիս վերքեր էին առաջացել։ Բայց արագ մոռացա այդ ամենը, երբ պլանշետի օգնությամբ կարողացա ավելի արդյունավետորեն ծառայել և հեշտությամբ պատրաստվել ժողովի հանդիպումներին»։ Քույրը նաև նշում է, որ պլանշետը օգտակար է եղել իր համար հատկապես համավարակի սկզբում, քանի որ ժողովի հետ կապված ամեն բան օնլայն էր արվում։ Մենք անչափ ուրախ ենք, որ Հուլդան հասավ իր նպատակին։