Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Մադագասկար

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Մադագասկար

«ԵՐԲ լսեցի ընկերներիս պատմությունները, ովքեր ծառայում էին այն վայրերում, որտեղ ռահվիրաների մեծ կարիք կա, ես նույնպես ցանկացա ճաշակել նրանց ուրախությունը»,— ասում է Սիլվիանան, որը 27 տարեկան է։ «Սակայն իմ մեջ վախ կար։ Մտածում էի, որ այլ վայր տեղափոխվելը իմ ուժերից վեր է»,— ավելացնում է նա։

Դու է՞լ նույն զգացումներն ունես, ինչ Սիլվիանան։ Գուցե դու էլ ես ուզում ծառայել այնպիսի տարածքում, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա, սակայն մտածում ես, թե արդյոք մի օր կկարողանաս հասնել այդ նպատակին։ Եթե նման մտավախություններ ունես, թևաթափ մի՛ եղիր։ Եհովայի օգնությամբ հազարավոր եղբայրներ ու քույրեր հաջողությամբ հաղթահարել են այն խոչընդոտները, որոնք իրենց խանգարում էին ընդլայնել ծառայությունը։ Որպեսզի իմանանք, թե Եհովան ինչպես է աջակցել նրանց, կայցելենք Մադագասկար, որն իր մեծությամբ երկրագնդի չորրորդ կղզին է։

Վերջին տասը տարվա ընթացքում ավելի քան 70 եռանդուն քարոզիչներ ու ռահվիրաներ 11 երկրներից * եկել են՝ ծառայելու Աֆրիկայի այս արգասաբեր տարածքում, որտեղ շատերը հարգանքով են վերաբերվում Աստվածաշնչին։ Բացի այդ, տեղի քարոզիչներից բազմաթիվ անհատներ պատրաստակամորեն տեղափոխվել են իրենց երկրի այլ վայրեր, որպեսզի Թագավորության լուրը տարածեն այս ընդարձակ կղզում։ Եկեք ծանոթանանք նրանցից մի քանիսի հետ։

ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆ ՎԱԽՆ ՈՒ ՎՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Պերինը և Լուին

Լուին և Պերինը, որոնք 30-ն անց են, Մադագասկար են տեղափոխվել Ֆրանսիայից։ Տարիներ շարունակ այս ամուսնական զույգը մտածել է արտերկրում ծառայությունն ընդլայնելու մասին, սակայն Պերինը տատանվում էր։ Նա ասում է. «Ես վախենում էի անորոշությունից։ Ինձ անհանգստացնում էր այն միտքը, որ պետք է թողնեմ հարազատներիս, ժողովս, մեր բնակարանը, ինձ ծանոթ միջավայրը և մեր բնականոն կյանքը։ Ամենամեծ խոչընդոտը, որ պետք է հաղթահարեի, իմ անհանգստություններն էին»։ 2012 թ.-ին Պերինը որոշեց համարձակ քայլ անել. նա և Լուին տեղափոխվեցին։ Ի՞նչ է նա կարծում այդ որոշման մասին։ «Հետ նայելով՝ կարող եմ ասել, որ երբ մեր կյանքում տեսանք Եհովայի ձեռքը, մեր հավատը զորացավ»։ Լուին ավելացնում է. «Միայն պատկերացրեք. երբ առաջին անգամ Մադագասկարում գնացինք Հիշատակի երեկոյին, տեսանք, որ մեր օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրող մարդկանցից տասը եկել են»։

Ի՞նչն օգնեց այս զույգին մնալու իրենց նշանակման մեջ, երբ խնդիրներ ծագեցին։ Նրանք աղաչեցին Եհովային, որ իրենց տոկալու ուժ տա (Փիլիպ. 4։13)։ Լուին պատմում է. «Տեսանք, թե ինչպես է Եհովան պատասխանում մեր աղոթքներին և տալիս իր խաղաղությունը։ Մենք կարողանում էինք կենտրոնանալ ծառայության բերած ուրախության վրա։ Նաև մեր ընկերները նամակներ էին ուղարկում ու քաջալերում էին չհանձնվել» (Փիլիպ. 4։6, 7; 2 Կորնթ. 4։7

Եհովան առատորեն օրհնեց Լուիին ու Պերինին նրանց տոկունության համար։ Լուին ասում է. «2014 թ. հոկտեմբերին մենք մեկնեցինք Ֆրանսիա՝ սովորելու քրիստոնյա զույգերի համար նախատեսված աստվածաշնչյան դպրոցում *։ Դրանք անմոռանալի օրեր էին՝ նվեր Եհովայից»։ Դպրոցն ավարտելուց հետո նրանք անչափ ուրախացան, երբ իմացան, որ նորից նշանակվել են Մադագասկար։

«ՄԵՆՔ ԿՀՊԱՐՏԱՆԱՆՔ ՁԵԶՆՈՎ»

Նադինը և Դիդիեն

Դիդիեն ու Նադինը, որոնք ամուսիններ են, 50-ն անց էին, երբ 2010 թ.-ին Ֆրանսիայից տեղափոխվեցին Մադագասկար։ Դիդիեն պատմում է. «Երիտասարդ տարիքում մենք ծառայում էինք որպես ռահվիրա։ Հետո երեք երեխա մեծացրինք։ Երբ նրանք արդեն չափահաս էին, սկսեցինք մտածել արտերկրում ծառայելու մասին»։ Նադինը ասում է. «Ես տատանվում էի, քանի որ չէի ուզում բաժանվել երեխաներից։ Բայց նրանք ասացին մեզ. «Եթե տեղափոխվեք այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա, մենք կհպարտանանք ձեզնով»։ Նրանց խոսքերը մեզ ոգևորեցին, ու մենք որոշեցինք տեղափոխվել։ Թեև այժմ նրանցից հեռու ենք ապրում, բայց կարողանում ենք հաճախակի խոսել նրանց հետ, ինչի համար շատ ուրախ ենք»։

Դիդիեի ու Նադինի համար շատ դժվար էր սովորել մալգաշերեն լեզուն։ «Մենք 20 տարեկան չենք»,— ասում է Նադինը և ժպտում։ Ինչպե՞ս նրանք հաղթահարեցին այս դժվարությունը։ Սկզբում Դիդիեն ու Նադինը հաճախում էին ֆրանսիալեզու ժողովի հանդիպումներին։ Բայց հետո, երբ զգացին, որ պատրաստ են ավելի շատ ժամանակ տրամադրել տեղի լեզուն սովորելու համար, տեղափոխվեցին այն ժողով, որի հանդիպումները մալգաշերենով էին անցկացվում։ Նադինը ասում է. «Ծառայության ժամանակ հանդիպում ենք շատ մարդկանց, որոնք սիրում են ուսումնասիրել Աստվածաշունչը։ Հաճախ նրանք մեզ շնորհակալություն են հայտնում իրենց այցելելու համար։ Սկզբում ինձ թվում էր, թե սա երազ է։ Ես սիրում եմ այս տարածքում ծառայել որպես ռահվիրա։ Երբ առավոտյան արթնանում եմ, ինքս ինձ ասում եմ. «Ի՜նչ լավ է, որ այսօր գնալու եմ ծառայության»»։

Դիդիեն ժպտում է՝ հիշելով այն ժամանակը, երբ նոր էր սկսել մալգաշերեն սովորել։ Նա պատմում է. «Ես ժողովի հանդիպում էի անցկացնում, բայց չէի հասկանում, թե պատասխանելիս ինչ են ասում եղբայրներն ու քույրերը։ Միայն կարողանում էի ասել՝ շնորհակալություն։ Երբ մի քրոջ շնորհակալություն հայտնեցի պատասխանի համար, նրա հետևում նստածները սկսեցին ժեստերով ինձ հասկացնել, որ պատասխանը սխալ է։ Ես անմիջապես հարցրի մի եղբոր, որը, հուսամ, ճիշտ պատասխան տվեց»։

ՆԱ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՐԱՎԵՐԸ

2005 թ. համաժողովին Թիերին և իր կինը՝ Նադյան, դիտեցին «Ձգտեք այնպիսի նպատակների, որոնք փառք են բերում Աստծուն» աստվածաշնչային ներկայացումը, որը Տիմոթեոսի մասին էր։ Այն հասավ նրանց սրտին ու խորացրեց նրանց ցանկությունը ծառայելու այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Թիերին պատմում է. «Երբ ներկայացումն ավարտվեց, ու բոլորը սկսեցին ծափահարել, ես նայեցի կնոջս ու հարցրի. «Ո՞ւր գնանք»։ Կինս ասաց, որ նույն բանի մասին է մտածում»։ Շատ չանցած՝ նրանք սկսեցին քայլեր ձեռնարկել իրենց նպատակին հասնելու համար։ Նադյան ասում է. «Աստիճանաբար ազատվեցինք մեր իրերից։ Այն, ինչ մնաց, հեշտությամբ տեղավորվեց չորս ճամպրուկում»։

Ձախից՝ Նադյան և Մարի-Մադլենը, աջից՝ Թիերին

Նրանք 2006 թ.-ին եկան Մադագասկար։ Հենց սկզբից ծառայությունը նրանց շատ դուր եկավ։ Նադյան ասում է. «Տեսնելով մարդկանց արձագանքը՝ մենք շատ ենք ուրախանում»։

Վեց տարի անց այս զույգը մի դժվարության բախվեց։ Նադյայի մայրը՝ Մարի-Մադլենը, որն ապրում էր Ֆրանսիայում, ընկնելու հետևանքով կոտրեց իր ձեռքն ու վնասեց գլուխը։ Խորհրդակցելով բժշկի հետ՝ Թիերին և Նադյան Մարի-Մադլենին խնդրեցին գալ Մադագասկար և ապրել իրենց հետ։ Թեև այդ ժամանակ նա 80 տարեկան էր, սակայն ուրախությամբ ընդունեց հրավերը։ Ի՞նչ է զգում Մարի-Մադլենը արտերկիր տեղափոխվելուց հետո։ Նա ասում է. «Երբեմն դժվար է հարմարվել այստեղի կյանքին, բայց չնայած իմ սահմանափակ կարողություններին՝ ես ինձ օգտակար եմ զգում ժողովում։ Ինձ անչափ ուրախացնում է այն, որ իմ տեղափոխվելու շնորհիվ երեխաներս կարող են շարունակել իրենց պտղաբեր ծառայությունը»։

«ԵՍ ՏԵՍԱ ԵՀՈՎԱՅԻ ՁԵՌՔԸ»

Ռինը ելույթ է ունենում տանդրուի լեզվով

Ռինը, որը 22 տարեկան է, մեծացել է Մադագասկարի արևելքում գտնվող մի բերրի տարածաշրջանում՝ Ալաուտրա Մանգուրուում։ Նա դպրոցում լավ էր սովորում և ուզում էր բարձրագույն կրթություն ստանալ։ Սակայն Աստվածաշունչն ուսումնասիրելուց հետո այս տղան փոխեց իր որոշումը։ Նա ասում է. «Այնպես արեցի, որ միջնակարգ դպրոցում ուսումս շուտ ավարտեմ, ու Եհովային խոստացա, որ եթե վերջին քննությունս հանձնեմ, ռահվիրայություն կսկսեմ»։ Դպրոցն ավարտելուց հետո Ռինը պահեց իր խոստումը։ Մի ռահվիրա եղբոր հետ նա տեղափոխվեց, կես դրույքով աշխատանք գտավ ու ռահվիրայություն սկսեց։ «Դա իմ կայացրած ամենալավ որոշումն էր»,— ասում է նա։

Սակայն Ռինի ազգականները չէին հասկանում, թե ինչու նա աշխարհիկ կարիերայի չի ձգտում։ Եղբայրը պատմում է. «Հայրս, հորեղբայրս ու տատիկիս քույրը ինձ հորդորում էին բարձրագույն կրթություն ստանալ։ Բայց ես չէի ուզում դադարեցնել ռահվիրայական ծառայությունս»։ Շատ չանցած՝ Ռինը ցանկություն հայտնեց ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Ի՞նչը նպաստեց դրան։ Նա ասում է. «Մեր բնակարան գողեր մտան և իմ իրերից շատ բաներ գողացան։ Այս դեպքը ինձ մղեց մտածելու Հիսուսի այն խոսքերի մասին, որ պետք է «գանձեր դիզել երկնքում»։ Որոշեցի ջանքեր թափել հոգևոր հարստություն ձեռք բերելու համար» (Մատթ. 6։19, 20)։ Ռինը տեղափոխվեց երկրի հարավ՝ չորային կլիմա ունեցող մի տարածաշրջան, որն իր բնակավայրից 1 300 կիլոմետր (800 մղոն) հեռու է։ Այդ տարածաշրջանում ապրում է անտանդրուի ժողովուրդը։ Ինչո՞ւ եղբայրը որոշեց տեղափոխվել այնտեղ։

Գողության դեպքից մեկ ամիս առաջ Ռինը սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել անտանդրուի էթնիկ խմբին պատկանող երկու տղամարդկանց հետ։ Նա տանդրուի լեզվով մի քանի արտահայտություն սովորեց ու ցանկացավ օգնել այդ ժողովրդին պատկանող մարդկանց, ովքեր դեռ չեն լսել Թագավորության լուրը։ Եղբայրն ասում է. «Ես աղոթում էի Եհովային, որ ինձ օգներ տեղափոխվել այդ տարածաշրջան»։

Ի վերջո Ռինը տեղափոխվեց, բայց անմիջապես մի խնդրի բախվեց։ Նա չէր կարողանում աշխատանք գտնել։ Մի մարդ նրան ասաց. «Ինչո՞ւ ես եկել այստեղ։ Աշխատանք գտնելու համար մարդիկ այս շրջանից գնում են այնտեղ, որտեղից դու ես եկել»։ Երկու շաբաթ անց Ռինը գրեթե դատարկ գրպանով այդտեղից մեկնեց՝ մասնակցելու տարածաշրջանային համաժողովին։ Նա մտածում էր, թե ինչ է անելու դրանից հետո։ Համաժողովի վերջին օրը մի եղբայր մոտեցավ Ռինին ու նրա գրպանը մի բան դրեց։ Բավականին մեծ գումար էր, որով Ռինը կարողացավ հետ վերադառնալ և նույնիսկ փոքր գործ սկսել՝ յոգուրտ վաճառել։ Եղբայրն ասում է. «Ես տեսա Եհովայի ձեռքը. նա ճիշտ ժամանակին ինձ օգնության հասավ։ Դրա շնորհիվ շարունակեցի օգնել նրանց, ովքեր հնարավորություն չեն ունեցել իմանալու Եհովայի մասին»։ Ժողովում էլ շատ գործ կար անելու։ Ռինը պատմում է. «Ինձ հանձնարարեցին երկու շաբաթը մեկ հանրային ելույթ ունենալ։ Եհովան իր կազմակերպության միջոցով կրթում էր ինձ»։ Այսօր եղբայրը շարունակում է Թագավորության լուրը քարոզել տանդրուի լեզվով խոսող մարդկանց, ովքեր ցանկանում են իմանալ Եհովայի մասին։

ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏԾՈՒՑ ՕՐՀՆՎԱԾ

Եհովան խոստանում է, որ կօրհնի նրան, ով ձգտում է ծառայել իրեն (Ես. 65։16)։ Երբ մենք ջանում ենք հաղթահարել այն խոչընդոտները, որոնք մեզ խանգարում են ընդլայնել ծառայությունը, Եհովան օրհնում է մեզ։ Նկատի առ Սիլվիանայի՝ Մադագասկարից այն քրոջ օրինակը, որի խոսքերը բերված են հոդվածի նախաբանում։ Նրա մեջ վախ կար. նա կարծում էր, որ այլ վայր տեղափոխվելը իր ուժերից վեր է։ Ինչո՞ւ էր քույրն այդպես մտածում։ Նա ասում է. «Ձախ ոտքս աջից մոտ 9 սանտիմետրով (3,5 դյույմով) կարճ է։ Դրա պատճառով կաղալով եմ քայլում և շուտ հոգնում եմ»։

Սիլվիանան (ձախից) և Սիլվի Անը (աջից)՝ Դորատինի հետ նրա մկրտության օրը

Այդուհանդերձ, 2014 թ.-ին Սիլվիանան իր ժողովում ծառայող մի երիտասարդ ռահվիրա քրոջ՝ Սիլվի Անի հետ տեղափոխվեց մի փոքր գյուղ, որն իր հարազատ քաղաքից 85 կիլոմետր (53 մղոն) հեռու է։ Չնայած խոչընդոտներին՝ Սիլվիանայի երազանքը իրականություն դարձավ, և նա առատապես օրհնվեց։ «Նոր վայրում ծառայությունս սկսելուց հետո ընդամենը մեկ տարի անցավ, և Դորատին անունով մի երիտասարդ մայր, ում հետ Աստվածաշունչ էի ուսումնասիրում, շրջանային համաժողովի ժամանակ մկրտվեց»,— պատմում է նա։

«ԿՕԳՆԵՄ ՔԵԶ»

Տեսնելով այլ վայրեր տեղափոխված այս եղբայրների ու քույրերի հավատը՝ մենք համոզվում ենք հետևյալում. երբ հաղթահարում ենք խոչընդոտները և ընդլայնում ենք մեր ծառայությունը, հասկանում ենք, թե որքան ճշմարիտ է Եհովայի խոստումը, որ նա տվել է իր ծառաներին. «Ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ» (Ես. 41։10)։ Դրա շնորհիվ մենք ավելի ենք մտերմանում Եհովայի հետ։ Բացի այդ, երբ հոժար կամքով մեր անձերը տրամադրում ենք՝ ծառայելու մեր բնակավայրում կամ ուրիշ երկրում, այդպես նախապատրաստվում ենք այն աստվածապետական գործունեությանը, որն իրականացվելու է նոր աշխարհում։ Դիդիեն, որի խոսքերը բերված են վերևում, ասում է. «Երբ ծառայում ենք այնտեղ, որտեղ ավելի մեծ կարիք կա, մենք կրթվում ենք՝ պատրաստվելով ապագա կյանքին»։ Թող որ ավելի շատ անձնվեր աշխատողներ այսօր ևեթ սկսեն այդպես «կրթվել»։

^ պարբ. 4 Այս եղբայրներն ու քույրերը եկել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Գվադելուպայից, Լյուքսեմբուրգից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, Նոր Կալեդոնիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Չեխիայից և Ֆրանսիայից։

^ պարբ. 8 Այս դպրոցին փոխարինել է Թագավորության քարոզիչների դպրոցը։ Արտերկրում գտնվող այն լիաժամ ծառայողները, ովքեր համապատասխանում են պահանջներին, կարող են դիմել, որ այս դպրոցին մասնակցեն իրենց երկրում կամ մեկ այլ երկրում, որտեղ այն անցկացվում է իրենց մայրենի լեզվով։