Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս հարմարվել նոր ժողովին

Ինչպե՞ս հարմարվել նոր ժողովին

ԵՐԲԵՎԷ տեղափոխվե՞լ ես նոր ժողով։ Եթե այո, ապա թերևս կհամաձայնես Ժան Շառլի հետևյալ խոսքերին. «Հեշտ չէ հարմարվել ժողովին և միևնույն ժամանակ այնպես անել, որ ընտանիքում ոչ ոք հոգևորապես չտուժի»։ Ոչ միայն հարկավոր է նոր աշխատանք, կացարան ու թերևս նաև նոր դպրոց գտնել, այլև հարմարվել կլիմայական պայմաններին, մշակութային տարբերություններին, ինչպես նաև քարոզչական տարածքին։

Իսկ Նիկոլան ու Սելինը մեկ այլ դժվարության բախվեցին, երբ Ֆրանսիայի մասնաճյուղը նրանց նշանակեց նոր ժողով։ Նրանք պատմում են. «Սկզբում շատ ոգևորված էինք, բայց հետո սկսեցինք կարոտել մեր ընկերներին։ Նոր ժողովի հավատակիցների հետ դեռ չէինք հասցրել մտերմանալ»։ Եթե դու էլ ես տեղափոխվել, ի՞նչ կարող ես անել, որ չնայած դժվարություններին՝ հարմարվես նոր ժողովին։ Ինչպե՞ս կարող են ուրիշները օգնել այդ հարցում։ Եվ ի՞նչ կարող ես անել, որ քո նոր ժողովում հոգևոր օրհնություններ ստանաս և քաջալերանքի աղբյուր լինես մյուսների համար։

ՉՈՐՍ ՍԿԶԲՈՒՆՔ, ՈՐ ԿՕԳՆԵՆ ՀԱՐՄԱՐՎԵԼ

Վստահիր Եհովային

1. Վստահիր Եհովային (Սաղ. 37։5 Կազումի անունով մի քույր, ով Ճապոնիայից է, մի ժողովում 20 տարի ծառայելուց հետո տեղափոխվեց նոր ժողով, քանի որ ամուսնու աշխատանքի բերումով նրանք ստիպված էին փոխել իրենց բնակության վայրը։ Կազումին ինչպե՞ս «Եհովային հանձնեց [իր] ճանապարհը»։ Քույրը պատմում է. «Խուճապի, միայնության և անհանգստության զգացումներ ունեի։ Ես սիրտս բացում էի Եհովայի առաջ և պատմում էի նրան այդ ամենի մասին։ Ամեն անգամ, երբ այդպես էի վարվում, Եհովան ինձ ուժ էր տալիս, որ դիմանայի»։

Ինչպե՞ս կարող ես ավելացնել վստահությունդ Եհովայի հանդեպ։ Ինչպես որ բույսը աճելու համար հողից պետք է ջուր և սննդանյութեր ստանա, այնպես էլ մեր հավատը սնուցվելու կարիք ունի, որպեսզի ամրանա։ Նիկոլան, ում մասին արդեն նշեցինք, ամրացրել է իր վստահությունը Եհովայի հանդեպ՝ խորհրդածելով Աբրահամի, Հիսուսի և Պողոսի օրինակների շուրջ, ովքեր շատ զոհողություններ են արել Աստծու կամքը կատարելու համար։ Եթե Աստվածաշնչի ուսումնասիրության կանոնավոր գրաֆիկ ունենաս, ոչ միայն կհարմարվես քո կյանքում տեղի ունեցող ցանկացած փոփոխության, այլ նաև հոգևոր գանձեր կգտնես, որոնցով կկարողանաս կիսվել քո նոր ժողովի հավատակիցների հետ։

Համեմատություններ մի՛ արա

2. Համեմատություններ մի՛ արա (Ժող. 7։10 Երբ Ժուել անունով մի եղբայր Բենինից տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, պետք է հարմարվեր նոր մշակույթի, որը էապես տարբերվում էր իր մշակույթից։ Եղբայրն ասում է. «Այնպիսի տպավորություն էր, որ ամեն անգամ նոր մարդու հանդիպելիս պետք է նրան ողջ կյանքս պատմեի»։ Քանի որ Ժուելը կյանքում նման բանի չէր բախվել, սկսեց մեկուսանալ ժողովից։ Բայց երբ իր հավատակիցներին ավելի լավ ճանաչեց, փոխեց իր տեսակետը։ Նա ասում է. «Կարծում եմ՝ երկրի վրա ուր էլ գնաս, մարդիկ նույնն են։ Պարզապես նրանց վարվելակերպն ու արտահայտվելու ձևերն են տարբեր։ Շատ կարևոր է մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին կան»։ Ուստի քո նոր ժողովը մի՛ համեմատիր նախկինի հետ։ Դրա հետ կապված Էնն-Լիզ անունով մի քույր հետևյալն է ասում. «Ես չեմ տեղափոխվել նոր տարածք, որպեսզի գտնեմ այն, ինչ թողել եմ։ Ես տեղափոխվել եմ, որպեսզի նոր բաներ բացահայտեմ»։

Երեցները նույնպես չպետք է համեմատեն իրենց նոր ժողովը նախկինի հետ։ Եթե նոր ժողովում այլ մեթոդներ են կիրառվում, պարտադիր չէ, որ դրանք սխալ լինեն։ Իմաստուն կլինի՝ նախքան որևէ առաջարկ անելը ծանոթանալ տեղի հանգամանքներին (Ժող. 3։1, 7բ)։ Ավելի լավ կլինի՝ սեփական օրինակով սովորեցնես, քան ստիպես հավատակիցներիդ քեզ պես մտածել (2 Կորնթ. 1։24

Ներգրավված եղիր

3. Ներգրավված եղիր (Փիլիպ. 1։27 Տեղափոխությունը շատ ժամանակ և ուժ է պահանջում, բայց անչափ կարևոր է, որ հենց սկզբից հնարավորության դեպքում ֆիզիկապես ներկա լինես ժողովի հանդիպումներին։ Չէ՞ որ, եթե նոր ժողովում հավատակիցներդ քեզ երբեք չտեսնեն կամ շատ հազվադեպ տեսնեն, անհրաժեշտության դեպքում չեն կարողանա օգնել։ Լյուսինդան, ով իր երկու աղջիկների հետ տեղափոխվել է Հարավաֆրիկյան Հանրապետության մեծ քաղաքներից մեկը, հիշում է. «Ինձ խորհուրդ տվեցին, որ նոր ժողովում մտերմանամ հավատակիցներիս հետ, նրանց հետ մասնակցեմ ծառայությանը և մեկնաբանեմ ժողովի հանդիպումների ժամանակ։ Բացի այդ՝ մենք առաջարկեցինք, որ մեր տանը քարոզչական հանդիպում անցկացվի»։

Նոր ժողովում հավատակիցների հետ աստվածապետական գործերում «կողք կողքի պայքարելը» հրաշալի միջոց է մեր հավատը ամրացնելու համար։ Երեցները Էնն-Լիզին հորդորեցին, որ ձգտի ժողովում բոլորի հետ ծառայել։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Քույրը պատմում է. «Շուտով հասկացա, որ դա անչափ կարևոր է նոր ժողովի մի մասը դառնալու համար»։ Բացի այդ՝ երբ պատրաստակամորեն մասնակցում ես այնպիսի գործերի, ինչպիսիք են Թագավորության սրահի մաքրության և տեխսպասարկման աշխատանքները, ցույց ես տալիս, որ այդ ժողովը քոնն ես համարում։ Որքան շատ ներգրավված լինես ժողովի տարբեր գործերում, այնքան ավելի շուտ հավատակիցներդ կհարմարվեն քեզ, և այդ նոր ժողովը քո հոգևոր ընտանիքը կդառնա։

Նոր ընկերներ գտիր

4. Նոր ընկերներ գտիր (2 Կորնթ. 6։11-13 Ընկերներ գտնելու լավագույն միջոցը մարդկանց հանդեպ անձնական հետաքրքրություն ցուցաբերելն է։ Ուստի բավականաչափ ժամանակ տրամադրիր, որ ժողովից առաջ և հետո մոտենաս հավատակիցներիդ ու փորձես նրանց ավելի լավ ճանաչել։ Հատուկ ջանքեր գործադրիր, որ մտապահես նրանց անունները։ Եթե հիշես մարդկանց անունները, լինես ջերմ ու մատչելի, նրանք կձգվեն դեպի քեզ, և արդյունքում դու հրաշալի ընկերներ ձեռք կբերես։

Թույլ տուր, որ մարդիկ ճանաչեն քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Եվ չափից շատ մի՛ կենտրոնացիր այն մտքի վրա, որ ընդունված լինես։ Ընդօրինակիր Լյուսինդային, ով ասում է. «Այժմ մենք մտերիմ ընկերներ ունենք, քանի որ նախաձեռնություն էինք վերցնում և մարդկանց հրավիրում էինք մեր տուն»։

«ԸՆԴՈՒՆԵՔ ՄԻՄՅԱՆՑ»

Ոմանք գուցե լարվեն՝ մտնելով Թագավորության սրահ, որտեղ ոչ ոքի չեն ճանաչում։ Ուստի մտածիր, թե ինչ կարող ես անել, որ նորեկների համար ավելի հեշտ լինի։ Պողոս առաքյալը հորդորում է. «Ընդունեք միմյանց այնպես, ինչպես Քրիստոսն ընդունեց մեզ» (Հռոմ. 15։7)։ Երեցները, ընդօրինակելով Քրիստոսին, կարող են այնպես անել, որ նորեկները իրենց ընդունված զգան (տես « Երբ տեղափոխվում ես նոր ժողով» շրջանակը)։ Սակայն ժողովում բոլորը, այդ թվում՝ երեխաները, կարող են կարևոր դեր խաղալ այն հարցում, որ օգնեն նորեկներին ընկերներ գտնել։

Միմյանց ընդունելու կերպերից մեկը հյուրասիրություն ցուցաբերելն է, երբեմն նաև օգնության հասնելը։ Օրինակ՝ մի քույր իր թանկ ժամանակը տրամադրեց, որպեսզի նոր տեղափոխված մի քրոջ ցույց տա քաղաքը և բացատրի, թե ինչպես է գործում հանրային տրանսպորտը։ Այս արարքը մեծապես տպավորեց նոր տեղափոխված քրոջը և օգնեց նրան հարմարվել։

ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԱՃԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հասունանալուն զուգընթաց մորեխը մի քանի անգամ փոխում է իր մաշկը, ինչից հետո միայն կարողանում է թռչել։ Նմանապես երբ տեղափոխվում ես նոր ժողով, դու պետք է ձերբազատվես ցանկացած անհանգստությունից, որը խանգարում է քեզ, այսպես ասած, բացել թևերդ և թռչել։ Նիկոլան ու Սելինը այս մտքի հետ կապված հետևյալն են ասում. «Տեղափոխությունը ուսուցանվելու հրաշալի հնարավորություն է։ Նոր մարդկանց ու նոր միջավայրի հարմարվելը օգնել է մեզ, որ լավ հատկություններ զարգացնենք»։ Իսկ Ժան Շառլը, ում մասին խոսեցինք հոդվածի սկզբում, պատմում է, թե ինչ օգուտներ է բերել տեղափոխությունը իր ընտանիքին. «Փոփոխությունը նպաստել է, որ մեր երեխաները հոգևորապես հասունանան։ Ընդամենը մի քանի ամիս հետո մեր աղջիկը միջշաբաթյա հանդիպմանը սկսեց ուսումնական առաջադրանքներ կատարել, իսկ մեր տղան դարձավ չմկրտված քարոզիչ»։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն դեպքերի մասին, երբ ցանկանում ես տեղափոխվել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա, բայց հանգամանքներդ թույլ չեն տալիս։ Այդ դեպքում փորձիր քո ժողովը դիտել որպես նոր ժողով և կիրառել այս հոդվածում նշված առաջարկները։ Ապավինիր Եհովային և լիովին ներգրավված եղիր ժողովի գործերում։ Ծառայության մեջ համագործակցիր տարբեր հավատակիցների հետ և նոր ընկերներ ձեռք բեր կամ ամրացրու մտերմությունդ նրանց հետ, ում հետ արդեն ընկերներ եք։ Նախաձեռնություն վերցրու և օգնիր նոր կամ կարիքի մեջ եղող հավատակիցներիդ։ Քանի որ սերն է բնորոշում ճշմարիտ քրիստոնյաներին, ուրիշներին օգնելը կնպաստի, որ հոգևորապես առաջադիմես (Հովհ. 13։35)։ Համոզված եղիր, որ «այսպիսի զոհերն են Աստծուն հաճելի» (Եբր. 13։16

Բազմաթիվ քրիստոնյաներ, չնայած դժվարություններին, կարողացել են հարմարվել նոր ժողովին։ Դու էլ կարող ես։ Էնն-Լիզն ասում է. «Ժողովներ փոխելը օգնել է ինձ ընդլայնել իմ սիրտը»։ Կազումին էլ այժմ համոզված է, որ երբ տեղափոխվում ես նոր ժողով, Եհովայի ձեռքը քո կյանքում նորովի ես զգում։ Իսկ Ժուելն ասում է. «Նոր ընկերների շնորհիվ ես ինձ այլևս օտար չեմ զգում։ Այժմ այնքան եմ մտերմացել նոր ժողովի հետ, որ ինձ համար դժվար կլինի տեղափոխվել այստեղից»։