Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է Թորան

Ի՞նչ է Թորան

Աստվածաշնչի պատասխանը

 «Թորա» բառը ծագել է եբրայերեն տորա բառից, որը կարող է թարգմանվել «հրահանգ», «ուսուցում» կամ «օրենք» a (Առակներ 1:8, «Արարատ» թարգմանություն; Առակներ 3:1, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013թ., անգլ.; Առակներ 28:4)։ Հետևյալ օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է այս եբրայերեն բառը գործածված Աստվածաշնչում։

  •   Տորան հաճախ վերաբերում է Աստվածաշնչի առաջին հինգ գրքերին՝ «Ծննդոց», «Ելք», «Ղևտական», «Թվեր» և «2 Օրենք»։ Դրանք նաև կոչվում են Հնգամատյան (հունարեն՝ պենտատեուխոս, որը նշանակում է «հինգ գիրք»)։ Թորան գրել է Մովսեսը, այդ պատճառով այն կոչվում է «Մովսեսի օրենքի գիրք» (Հեսու 8:31; Նեեմիա 8:1)։ Հավանաբար, սկզբում այն մեկ գիրք է եղել, բայց հետագայում բաժանվել է հինգ գրքի, որպեսզի օգտագործելը հեշտ լինի։

  •   Տորան նաև գործածվում է կոնկրետ որևէ բանի վերաբերյալ Իսրայելին տրված օրենքների առնչությամբ, ինչպիսիք են «մեղքի ընծայի մասին օրենքը [տորա]», «բորոտության մասին օրենքը» և «ուխտավորի մասին օրենքը» (Ղևտական 6:25; 14:57; Թվեր 6:13

  •   Տորան երբեմն վերաբերում է ծնողների, իմաստուն մարդկանց կամ Աստծու կողմից տրված հրահանգին և ուսուցմանը (Առակներ 1:8, «Արարատ» թարգմանություն; Առակներ 3:1; 13:14; Եսայիա 2:3, ծնթ., «Նոր աշխարհ թարգմանություն», 2013թ., անգլ.)։

Ի՞նչ է ընդգրկում Թորան, կամ՝ Հնգամատյանը

  •   Թորան ընդգրկում է մարդկանց հետ Աստծու ունեցած փոխհարաբերությունների պատմությունը՝ արարչագործությունից մինչև Մովսեսի մահն ընկած ժամանակահատվածը (Ծննդոց 1:27, 28; 2 Օրենք 34:5

  •   Թորան պարունակում է Մովսիսական օրենքի կանոնները (Ելք 24:3)։ Այդ Օրենքը բաղկացած էր ավելի քան 600 կանոններից։ Դրանցից ամենակարևորը «Շման» է՝ հրեական հավատի խորհրդանիշը։ Դրա մի հատվածը ասում է. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ ուժով» (2 Օրենք 6:4–9)։ Հիսուսը նշեց, որ դա «ամենամեծ և առաջին պատվիրանն» է (Մատթեոս 22:36–38

  •   Թորայում մոտ 1800 անգամ գրված է Աստծու անունը՝ Եհովա։ Թորայում չի արգելվում գործածել Աստծու անունը, ընդհակառակը՝ դրանում կան պատվերներ, համաձայն որոնց՝ Աստծու ժողովրդից պահանջվում է արտասանել այն (Թվեր 6:22–27; 2 Օրենք 6:13; 10:8; 21:5

Սխալ կարծիքներ Թորայի վերաբերյալ

 Սխալ կարծիք։ Թորայի օրենքները հավերժական են, երբեք չեն վերանա։

 Փաստ։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում Թորայի կոնկրետ կանոնների մասին խոսվում է որպես «յաւիտենական» կանոնների։ Դրանց թվում են շաբաթի, քահանայության և Քավության օրվա վերաբերյալ կանոնները (Ելք 31:16; 40:15; Ղևտական 16:33, 34, «Արարատ» թարգմանություն)։ Սակայն այս համարներում գործածված եբրայերեն բառը կարող է նաև նշանակել, որ տվյալ բանը տևելու է անորոշ ժամանակ, և պարտադիր չէ, որ դա հավիտյան տևի։ b Մովսիսական օրենքի ուխտը ուժի մեջ մնաց մոտ 900 տարի, որից հետո Աստված կանխագուշակեց, որ այն փոխարինվելու էր «նոր ուխտով» (Երեմիա 31:31–33)։ ««Նոր ուխտ» ասելով՝ [Աստված] ժամանակավրեպ է դարձնում նախորդը [ուխտը]» (Եբրայեցիներ 8:7–13)։ Այդ ուխտը փոխարինվեց նոր ուխտով Հիսուս Քրիստոսի մահվան հիման վրա մոտ 2000 տարի առաջ (Եփեսացիներ 2:15

 Սխալ կարծիք։ Հրեական բանավոր ավանդույթները և Թալմուդը նույնքան հեղինակավոր են, որքան Թորան։

 Փաստ։ Աստվածաշնչյան ոչ մի փաստ չկա, որ Աստված գրավոր Թորային զուգահեռ բանավոր օրենք է տվել Մովսեսին։ Ընդհակառակը՝ Աստվածաշունչն ասում է. «Եհովան շարունակեց ասել Մովսեսին. «Քեզ համար գրի առ այս խոսքերը»» (Ելք 34:27)։ Բանավոր օրենքը, որը հետագայում գրի առնվեց և հայտնի դարձավ որպես Միշնա ու ի վերջո կազմեց Թալմուդի մի մասը, բաղկացած է հրեական այն ավանդույթներից, որոնց սկիզբ են դրել փարիսեցիները։ Այս ավանդույթները հաճախ հակասում էին Թորային։ Այդ պատճառով Հիսուսը փարիսեցիներին ասաց. «Աստծու խոսքը անվավեր եք դարձրել ձեր ավանդույթի պատճառով» (Մատթեոս 15:1–9

 Սխալ կարծիք։ Կանանց չպետք է սովորեցնել Թորան։

 Փաստ։ Մովսիսական օրենքում ընդգրկված մի կանոնի համաձայն՝ ամբողջ Օրենքը պետք է ընթերցվեր ողջ Իսրայել ժողովրդի համար, այդ թվում՝ կանանց ու երեխաների։ Ինչո՞ւ։ «Որպեսզի լսեն ու սովորեն, քանի որ նրանք պետք է վախենան [իրենց] Աստված Եհովայից և զգուշորեն կատարեն այս օրենքի բոլոր խոսքերը» (2 Օրենք 31:10–12 c

 Սխալ կարծիք։ Թորան թաքնված պատգամներ է պարունակում։

 Փաստ։ Մովսեսը, որը գրի էր առել Թորան, նշեց, որ դրա պատգամը հստակ է, մատչելի է բոլորին և ծածկագրված չէ (2 Օրենք 30:11–14)։ Այն տեսությունը, թե Թորայում թաքնված պատգամներ կան, արմատավորված է կաբալայում՝ հուդայականության մեջ գոյություն ունեցող խորհրդապաշտական ուղղության մեջ, որը մեկնում է Աստվածաշունչը «վարպետորեն հնարված» մեթոդների միջոցով d (2 Պետրոս 1:16

a Տես «The Strongest Strong’s Exhaustive Concordance of the Bible», վերանայված հրատարակություն, «Hebrew-Aramaic Dictionary-Index to the Old Testament» բաժնի 8451 բառահոդվածը։

b Տես «Հին Կտակարանի աստվածաբանական բառարան», հատ. 2, էջ 672, 673, (անգլ.)։

c Ի տարբերություն այն բանի, ինչ սովորեցնում է Թորան՝ հրեական օրենք-ավանդույթը արգելում էր կանանց սովորել Թորան։ Օրինակ՝ Միշնայում մեջբերված են ռաբբի Ելիեզեր բեն Հյուրկանոսի խոսքերը, որն ասել է. «Ով իր աղջկան սովորեցնի Թորան, անամոթության կվարժեցնի նրան» (Սոտա 3:4)։ Երուսաղեմյան Թալմուդում գրված է. «Թող որ Թորայի խոսքերը ոչնչանան կրակով, բայց չփոխանցվեն կանանց» (Սոտա 3:19ա)։

d Օրինակ՝ «Հրեական հանրագիտարանում» Թորայի հանդեպ կաբալիստական տեսակետը այսպես է նկարագրվում. «Թորայում որևէ հստակ միտք հնարավոր չէ գտնել. տարբեր մակարդակներում այն տարբեր կերպերով է մեկնվում» («Encyclopaedia Judaica», երկրորդ հրատարակություն, հատոր 11, էջ 659)։