Անցնել բովանդակությանը

Ո՞վ կամ ի՞նչ է «Ալֆան և Օմեգան»

Ո՞վ կամ ի՞նչ է «Ալֆան և Օմեգան»

Աստվածաշնչի պատասխանը

 «Ալֆան և Օմեգան» վերաբերում է Եհովա Աստծուն՝ Ամենակարողին։ Այս արտահայտությունը Աստվածաշնչում հանդիպում է երեք անգամ (Հայտնություն 1։8; 21։6; 22։13 a

Ինչո՞ւ է Աստված իրեն կոչում «Ալֆա և Օմեգա»

 Ալֆան և օմեգան հունական այբուբենի առաջին և վերջին տառերն են։ Հունարենով է գրվել Աստվածաշնչի այն հատվածը, որը սովորաբար կոչվում է Նոր Կտակարան, և որը ներառում է «Հայտնություն» գիրքը։ Ինչպես նշվեց, հունական այբուբենում այս տառերը առաջինն ու վերջինն են, հետևաբար Եհովան «Ալֆան և Օմեգան» է այն իմաստով, որ միայն նա է սկիզբն ու վերջը (Հայտնություն 21։6)։ Նա Ամենակարող Աստված էր անհուն անցյալում և կշարունակի Ամենակարող Աստված լինել հավիտյան։ Նա միակն է, ով «հավիտենից մինչև հավիտյան» է (Սաղմոս 90։2

Ո՞վ է «առաջինը ու վերջինը»

 Աստվածաշնչում այս արտահայտությունը վերաբերում է և՛ Եհովա Աստծուն, և՛ նրա Որդուն՝ Հիսուսին, սակայն ունի տարբեր նշանակություններ։ Նկատի առնենք երկու օրինակ։

  •   Եսայիա 44։6-ում Եհովան ասում է. «Ես առաջինն եմ ու վերջինը, և ինձանից բացի, ուրիշ Աստված չկա»։ Այստեղ Եհովան ընդգծում է, որ հավիտենական ճշմարիտ Աստվածն է, և բացի իրենից՝ ուրիշը չկա (2 Օրենք 4։35, 39)։ Հետևաբար այս դեպքում «առաջինը ու վերջինը» արտահայտությունը այն նույն իմաստն ունի, ինչ «Ալֆան և Օմեգան»։

  •   «Առաջինը [պրոտոս, ոչ թե ալֆա] և Վերջինը [էսխատոս, ոչ թե օմեգա]» արտահայտությունը հանդիպում է նաև Հայտնություն 1։17, 18 և 2։8 համարներում։ Այս համարների համատեքստը ցույց է տալիս, որ նա, ում վերաբերում է այս արտահայտությունը, մահացել է և հետո կենդանացել։ Փաստորեն, այս համարները չեն կարող Աստծուն վերաբերել, քանի որ նա երբեք չի մահացել (Ամբակում 1։12)։ Սակայն Հիսուսը մահացել է ու հարություն առել (Գործեր 3։13–15)։ Նա առաջինն է, ով հարություն է առել որպես ոգեղեն էակ և անմահություն ստացել։ Հիսուսը վերադարձավ երկինք, որտեղ ապրում է «հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 1։18; Կողոսացիներ 1։18)։ Այդ ժամանակվանից ի վեր նա է հարություն տալիս բոլորին (Հովհաննես 6։40, 44)։ Հետևաբար նա վերջինն է, ում Եհովան անձամբ հարություն է տվել (Գործեր 10։40)։ Այս իմաստով Հիսուսը տեղին կարող է կոչվել «Առաջինը և Վերջինը»։

Հայտնություն 22։13-ը փաստո՞ւմ է, որ Հիսուսն է «Ալֆան և Օմեգան»

 Ո՛չ։ Հայտնություն 22։13-ում կոնկրետ չի նշվում, թե ով է խոսողը, և այս գլխում խոսողները տարբեր են։ Մեկնաբանելով «Հայտնություն» գրքի այս հատվածը՝ պրոֆեսոր Ուիլյամ Բարկլին գրել է. «Ոչինչ գրված չէ ակնհայտ հերթականությամբ.... և հաճախ շատ դժվար է համոզվածությամբ ասել, թե ով է խոսողը» (The Revelation of John, Volume 2, Revised Edition, page 223)։ Այդ պատճառով կարելի է եզրակացնել, որ Հայտնություն 22։13-ում նշված «Ալֆան և Օմեգան» այն նույն Անձնավորությունն է, ում այս տիտղոսը վերաբերում է «Հայտնություն» գրքի այլ տեղերում, այսինքն՝ Եհովա Աստված։

a Չորրորդ անգամ «Ալֆա և Օմեգա» արտահայտությունը հանդիպում է Աստվածաշնչի «Ջեյմս թագավորի թարգմանության» մեջ՝ Հայտնություն 1։11-ում։ Սակայն ժամանակակից թարգմանություններից շատերում այն բացակայում է, քանի որ չի հանդիպում հունարեն ամենահին ձեռագրերում։ Ակներևաբար այդ արտահայտությունն ավելացվել է Սուրբ Գրքի՝ ավելի ուշ արված օրինակներում։