Անցնել բովանդակությանը

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ՄԱՐԻԱՄ

«Երգե՛ք Եհովային»

«Երգե՛ք Եհովային»

 Փոքրիկ աղջնակը թաքնվել էր մի ապահով վայրում և սևեռուն նայում էր եղեգների մեջ գտնվող մի կետի։ Նա փորձում էր չշարժվել. նրա բոլոր մկանները ձգվել էին։ Փոքրիկի կողքով հանդարտ հոսում էր Նեղոս գետը։ Ժամանակն անցնում էր, սակայն նա շարունակում էր անշարժ սպասել՝ ջանալով ուշադրություն չդարձնել իր շուրջը պտտվող բզեզներին։ Այնտեղ, ուր նա հառել էր հայացքը, մի անջրանցիկ զամբյուղ էր դրված, որի մեջ իր նորածին եղբայրն էր։ Աղջկա սիրտը կտոր-կտոր էր լինում, որ եղբայրն այնտեղ է՝ մենակ ու անօգնական։ Սակայն նա գիտեր, որ իր ծնողները ճիշտ էին վարվել։ Դա էր մանկանը այդ սարսափելի արհավիրքից փրկելու միակ հույսը։

 Այդ աղջիկը զարմանալի քաջություն էր դրսևորում և դեռ պատրաստ էր ավելի քաջ լինելու։ Նրա սրտում մի գեղեցիկ հատկություն էր զարգանում։ Այդ հատկությունը հավատն էր, որը շուտով ի հայտ էր գալու, և որը մեծ ազդեցություն էր ունենալու նրա ողջ կյանքի վրա։ Տարիներ հետո‵ տարեց հասակում, նրա հավատը առաջնորդելու էր իրեն իր ժողովրդի պատմության ամենացնցող ժամանակներում։ Հենց այդ հատկությունն էր օգնելու նրան, երբ վերջինս լուրջ սխալ գործեր։ Ո՞վ էր այդ աղջիկը, և ի՞նչ կարող ենք սովորել հավատի նրա օրինակից։

Մարիամը՝ գերության մեջ

 Թեև Աստվածաշնչում նշված չէ այդ աղջկա անունը, սակայն մենք կարող ենք ասել, թե նա ով էր։ Նա Մարիամն էր՝ Եգիպտոսում ստրկության մեջ գտնվող եբրայեցի տարեց Ամրամի և Հոքաբեթի անդրանիկ զավակը (Թվեր 26։59)։ Նրա նորածին եղբորը հետագայում անվանելու էին Մովսես։ Իսկ մյուս եղբայրը Ահարոնն էր, որն այդ ժամանակ մոտ երեք տարեկան էր։ Թեև հստակ չգիտենք, թե Մարիամն այդ ժամանակ քանի տարեկան էր, սակայն, ըստ երևույթին, նա տասը տարեկան էլ չկար։

 Մարիամը ծանր ժամանակներում է ապրել։ Եգիպտացիների համար նրա ժողովուրդը՝ եբրայեցիները, մեծ սպառնալիք էին. նրանք ստրկացնում ու կեղեքում էին վերջիններիս։ Բայց եբրայեցի ստրուկները շարունակում էին ծաղկել ու բարգավաճել, ինչը այդ վախկոտ եգիպտացիներին ավելի դաժան քայլերի դրդեց։ Փարավոնը հրամայեց, որ ծննդաբերության ժամանակ սպանեն եբրայեցիների բոլոր տղա երեխաներին։ Մարիամն, անշուշտ, լսել էր երկու եբրայեցի մանկաբարձուհիների՝ Սեփրայի և Փուայի դրսևորած հավատի մասին, որոնք չէին հնազանդվել փարավոնի հրամանին և ողջ էին թողել երեխաներին (Ելք 1։8–22

 Մարիամը նաև տեսել էր, թե ինչ ամուր հավատի տեր մարդիկ էին իր ծնողները։ Իրենց երրորդ երեխայի ծնվելուց հետո Ամրամն ու Հոքաբեթը երեք ամիս թաքցրել էին իրենց գեղեցիկ մանկիկին։ Նրանք թույլ չէին տվել, որ թագավորի հրամանի հանդեպ հիվանդագին վախը դրդի իրենց ազատվելու երեխայից (Եբրայեցիներ 11։23)։ Սակայն երեխա թաքցնելը հեշտ բան չէր։ Շուտով նրա ծնողները կանգնելու էին մի սարսափելի որոշման առաջ։ Հոքաբեթը պետք է թաքցներ երեխային և թողներ մի այնպիսի վայրում, որտեղ նրան կգտնեին, կվերցնեին իրենց խնամակալության տակ և հոգ կտանեին։ Պատկերացրու, թե որքան ջերմեռանդորեն էր աղոթում այդ երեխայի մայրը տապանակը պատրաստելիս. նա այն կուպրով ու ձյութով պատեց, իր որդուն մեջը տեղավորեց և տապանակը դրեց Նեղոս գետի ափի մոտ՝ եղեգների մեջ։ Անշուշտ մայրն էր խնդրել աղջկան, որ կանգնի հեռվում և տեսնի, թե ինչ է լինելու (Ելք 2։1–4

Մարիամը՝ փրկիչ

 Աղջիկը սպասում էր։ Հանկարծ շարժ նկատեց։ Այդ կողմ էին գալիս մի խումբ կանայք։ Նրանք սովորական եգիպտացիներ չէին. փարավոնի դուստրն էր իր աղախինների հետ։ Նրանք գալիս էին Նեղոս գետում լողանալու։ Մարիամը վախով համակվեց. արդյո՞ք փարավոնի աղջիկը դեմ կգնար իր հոր հրամանին ու կվերցներ եբրայեցի երեխային իր խնամակալության տակ։ Այդ ժամանակ Մարիամը ջերմագին աղոթեց Եհովային։

 Փարավոնի աղջիկը նկատեց, որ եղեգների մեջ մի զամբյուղ է դրված։ Նա իր աղախնին ուղարկեց, որ գնա և բերի այն։ Աստվածաշնչում ասվում է, որ երբ նա բացեց զամբյուղը, տեսավ երեխային։ Տղան լաց էր լինում։ Նա իսկույն հասկացավ, թե ինչ էր տեղի ունեցել. եբրայեցի մայրերից մեկը փորձել էր փրկել իր զավակի կյանքը։ Չքնաղ մանկիկի հանդեպ կարեկցանքը շարժեց փարավոնի դստեր սիրտը (Ելք 2։5, 6)։ Այդ զգոն աղջնակը փարավոնի դստեր դեմքի արտահայտությունից կարողացավ հասկանալ, որ նա ուզում է օգնել իր եղբորը։ Նա հասկացավ, որ եկել է Եհովայի հանդեպ իր հավատը ցույց տալու ժամանակը, ուստի խիզախ քայլերով մոտեցավ փարավոնի դստերը։

 Մենք չգիտենք, թե ինչ կարող էր պատահել եբրայեցի ստրուկին, եթե նա համարձակվեր մոտենալ փարավոնի ընտանիքին և խոսեր նրանցից մեկի հետ։ Սակայն Մարիամը մոտեցավ և միանգամից հարցրեց արքայադստերը. «Կուզե՞ս գնամ ու եբրայեցի կանանցից մի դայակ կանչեմ, որ կերակրի երեխային քեզ համար»։ Նա շատ ճիշտ հարց տվեց։ Փարավոնի աղջիկը գիտեր, որ չի կարող երեխային կերակրել։ Թերևս նա մտածեց, որ իրոք խելամիտ կլինի, եթե տղային կերակրողը եբրայեցի լինի, իսկ հետո կբերի իր տուն, կորդեգրի նրան և հոգ կտանի, որ երեխան լավ դաստիարակություն ու կրթություն ստանա։ Հավանաբար Մարիամի սիրտը ուրախությունից ցնծաց, երբ փարավոնի դստեր բերանից դուրս եկավ այդ բառը. «Գնա՛» (Ելք 2։7, 8

Մարիամը եղեգների միջից անվախորեն հետևում է իր եղբորը

 Աղջիկն իսկույն վազեց տուն իր մտահոգ ծնողների մոտ։ Նրա շուրթերը հուզմունքից դողում էին, երբ նա այդ լուրը հայտնեց իր ծնողներին։ Հոքաբեթը համոզված էր, որ Եհովան է դրա հետևում կանգնած։ Նա Մարիամի հետ շտապեց փարավոնի աղջկա մոտ։ Հավանաբար նա փորձեց թաքցնել իր ուրախությունը, երբ փարավոնի դուստրն ասաց. «Վերցրու այս երեխային ու կերակրիր ինձ համար, և ես կտամ քո վարձը» (Ելք 2։9

 Այդ օրը Մարիամը շատ բան իմացավ իր Աստված Եհովայի մասին։ Նա տեսավ, որ Եհովան հոգ է տանում իր ժողովրդին և լսում է նրանց աղոթքները։ Նաև հասկացավ, որ քաջությունն ու հավատը միայն մեծահասակներին ու տղամարդկանց չէ բնորոշ։ Սովորեց, որ Եհովան լսում է իր բոլոր հավատարիմ ծառաների աղոթքները (Սաղմոս 65։2)։ Այս դժվար ժամանակներում մենք նույնպես, լինենք կին թե տղամարդ, երիտասարդ թե տարեց, պետք է հիշենք դա։

Մարիամը՝ համբերատար քույր

 Հոքաբեթը կերակրում և խնամում էր իր որդուն։ Մարիամը շատ էր սիրում իր փոքրիկ եղբորը, որի կյանքը փրկել էր։ Հավանաբար նա էր նրան խոսել սովորեցրել։ Աղջիկը շատ ուրախ պետք է որ եղած լիներ, երբ իր փոքրիկ եղբոր բերանից առաջին անգամ հնչեց Աստծու Եհովա անունը։ Երբ տղան մեծացավ, եկավ նրան փարավոնի դստեր մոտ տանելու ժամանակը (Ելք 2։10)։ Այդ բաժանումը, ինչ խոսք, շատ ցավոտ էր ողջ ընտանիքի համար։ Մարիամը շատ էր ուզում տեսնել, թե ինչպիսի մարդ է դառնալու Մովսեսը, որին այդպես էր անվանել փարավոնի դուստրը։ Եգիպտական թագավորական ընտանիքում մեծանալով՝ նա կշարունակե՞ր սիրել Եհովային։

 Ժամանակի ընթացքում այդ հարցի պատասխանն ակնհայտ դարձավ։ Երբ Մովսեսը 40 տարեկան էր, որոշում կայացրեց կանգնել իր ժողովրդի կողքին։ Նա սպանեց մի եգիպտացու, որը հարվածել էր մի եբրայեցի ստրուկի, և իր կյանքը փրկելու համար փախավ Եգիպտոսից։ Երբ Մարիամն իմացավ, որ իր եղբայրը որոշել է ծառայել Եհովային և մերժել այն բոլոր հնարավորությունները, որոնք տրվել էին նրան փարավոնի ընտանիքի կողմից, հպարտացավ նրանով (Ելք 2։11–15; Գործեր 7։23–29; Եբրայեցիներ 11։24–26

 Հաջորդ 40 տարիների ընթացքում Մարիամը թերևս ոչ մի տեղեկություն չուներ իր եղբորից, որն ապրում էր հեռավոր Մադիանում և ոչխար էր արածեցնում (Ելք 3։1; Գործեր 7։29, 30)։ Տարիներ անցան։ Մարիամն արդեն տարեց կին էր, որն ամեն օր ականատես էր լինում իր ժողովրդի գնալով սաստկացող տառապանքներին։

Մարիամը՝ մարգարեուհի

 Հավանաբար Մարիամն արդեն ութսունն անց էր, երբ Աստված Մովսեսին ուղարկեց իր ժողովրդին ազատագրելու։ Ահարոնը դարձավ Մովսեսի խոսնակը, և նրանք երկուսով գնացին փարավոնի մոտ ու պահանջեցին, որ նա բաց թողնի Աստծու ժողովրդին, սակայն փարավոնը կտրականապես մերժեց նրանց։ Մարիամն, ինչ խոսք, իր եղբայրների կողքին էր. նա ամեն ինչ արեց, որ աջակցի ու քաջալերի նրանց։ Ահարոնն ու Մովսեսը նորից ու նորից գնում էին փարավոնի մոտ և զգուշացնում ամեն մի պատուհասի մասին, որ Եհովան հերթով բերելու էր նրանց վրա։ Եվ միայն վերջին՝ տասներորդ պատուհասի ժամանակ, երբ մահացան եգիպտացիների բոլոր առաջնեկները, փարավոնը ստիպված թույլ տվեց, որ նրանք գնան։ Իսրայելացիների ազատագրման ժամը եկել էր։ Պատկերացրու, թե Մարիամը ինչ ջանասիրությամբ էր օգնում իր ժողովրդին՝ Մովսեսի առաջնորդությամբ լքելու Եգիպտոսը (Ելք 4։14–16, 27–31; 7։1–12։51

 Ավելի ուշ իսրայելացիները ծուղակի մեջ հայտնվեցին. մի կողմում Կարմիր ծովն էր, մյուս կողմում՝ եգիպտացիների հզոր բանակը։ Մարիամի եղբայր Մովսեսը կանգնեց ծովի առաջ ու բարձրացրեց իր գավազանը։ Ծովը կիսվեց, և Մովսեսը ժողովրդին անցկացրեց չոր գետնի վրայով։ Մարիամը այդ ամենի ականատեսն էր, ու նրա հավատը այդ իրադարձություններից շատ էր ամրացել։ Նա ծառայում էր մի Աստծու, որը կարող էր կատարել ցանկացած խոստում և ի զորու էր անելու ամեն ինչ (Ելք 14։1–31

 Երբ ամբողջ ժողովուրդը ապահով անցավ, ծովի հսկա պատերն իրար բախվեցին և խորտակեցին Փարավոնին ու նրա զորքը։ Մարիամը տեսավ, որ Եհովան աշխարհի ամենահզոր բանակից էլ շատ ավելի զորեղ է։ Տղամարդիկ սկսեցին երգել ու փառաբանել Եհովային։ Ի պատասխան տղամարդկանց՝ Մարիամը սկսեց երգել, մյուս կանայք էլ միացան նրան. «Երգե՛ք Եհովային, քանի որ նա փառքով փառավորված է։ Ձին իր հեծյալի հետ ծովը նետեց» (Ելք 15։20, 21; Սաղմոս 136։15

Կարմիր ծովի մոտ Մարիամը Աստծու ներշնչմամբ հաղթանակի երգ է երգում իսրայելացի կանանց հետ

 Դրանք Մարիամի կյանքի լավագույն պահերն էին, որոնք նա երբեք չէր մոռանալու։ Աստվածաշնչյան այս դրվագում Մարիամի մասին խոսվում է որպես մարգարեուհու։ Նա առաջին կինն է, որին Աստվածաշունչը մարգարեուհի է կոչում։ Մարիամը այն քիչ թվով կանանցից էր, որոնք Եհովային հատուկ ծառայություն էին մատուցում (Դատավորներ 4։4; 2 Թագավորներ 22։14; Եսայիա 8։3; Ղուկաս 2։36

 Աստվածաշունչը մեզ հիշեցնում է, որ Եհովան դիտում է մեզ և ուզում է օրհնել մեր համեստ ջանքերը, մեր համբերությունը, նրան փառաբանելու մեր ցանկությունը։ Երիտասարդ թե տարեց, տղամարդ թե կին՝ մենք կարող ենք ցույց տալ մեր հավատը։ Այսպիսի հավատը հաճելի է Եհովային: Նա երբեք չի մոռանա մեր հավատի գործերը և ուրախությամբ կվարձատրի մեզ դրանց համար (Եբրայեցիներ 6։10; 11։6)։ Մարիամին ընդօրինակելու ի՜նչ հիմնավոր պատճառ։

Հպարտ Մարիամը

 Հեղինակությունն ու առանձնաշնորհումները բերում են ինչպես օրհնություններ, այնպես էլ վտանգներ։ Երբ Իսրայելը ազատագրվեց ստրկությունից, այդ ժամանակ Մարիամը հավանաբար իր ազգի ամենանշանավոր կինն էր։ Արդյո՞ք նա թույլ կտար, որ հպարտությունն ու փառասիրությունը հաղթեն իրեն (Առակներ 16։18)։ Ցավոք, մի որոշ ժամանակ նա թույլ տվեց։

 Մովսեսը ամուսնացել էր Մադիանում, որտեղ 40 տարի բնակվել էր։ Եգիպտոսից դուրս գալուց մի քանի ամիս հետո նա դիմավորեց հեռվից եկած իր աներոջը՝ Հոթորին, որի հետ եկել էին նաև իր կինը՝ Սեպփորան, և իրենց երկու որդիները։ Դրանից որոշ ժամանակ առաջ Սեպփորան գնացել էր իր հոր ընտանիքի մոտ՝ հավանաբար այցելության նպատակով (Ելք 18։1–5): Պատկերացրու այն իրարանցումը, որ առաջացել էր ժողովրդի մոտ։ Հավանաբար շատերը անհամբերությամբ սպասում էին, որ տեսնեն այն կնոջը, որի ամուսնուն Աստված ընտրել էր իրենց առաջնորդելու համար։

 Արդյո՞ք Մարիամն էլ էր ուրախ Սեպփորայի վերադարձի համար։ Սկզբում գուցե։ Սակայն տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում նա թույլ տվեց, որ հպարտությունը գլուխ բարձրացնի։ Նա թերևս մտածում էր, որ Սեպփորան իր տեղը կզբաղեցնի և կդառնա ազգի ամենաազդեցիկ կինը։ Հավանաբար դա դրդեց Մարիամին ու Ահարոնին բացասական բաներ խոսել Մովսեսի դեմ, իսկ այդպիսի զրույցները սովորաբար դառնությամբ ու չարությամբ են լցնում, ինչպես որ եղավ նրանց դեպքում։ Սկզբում նրանք կենտրոնացան այն բանի վրա, որ Սեպփորան ոչ թե իսրայելացի է, այլ քուշեցի։ a Այդ խոսակցությունը աստիճանաբար վերածվեց Մովսեսի դեմ տրտունջի։ Նրանք ասում էին. «Մի՞թե Եհովան միայն Մովսեսի միջոցով է խոսում։ Չէ՞ որ մեր միջոցով էլ է խոսում» (Թվեր 12։1, 2

Բորոտ Մարիամը

 Նրանց խոսքերը ցույց էին տալիս, որ կործանարար թույնը սկսել էր քայքայել Մարիամին և Ահարոնին։ Դժգոհելով Մովսեսի միջոցով Եհովայի առաջնորդելու կերպից՝ նրանք ցանկանում էին ձեռք բերել ավելի շատ հեղինակություն ու դիրք։ Արդյո՞ք պատճառն այն էր, որ Մովսեսը չարաշահում էր իր իշխանությունը և ձգտում էր փառքի։ Իհարկե, Մովսեսն անթերի մարդ չէր, բայց և փառասեր ու հպարտ էլ չէր։ Աստվածաշունչն ասում է. «Մովսեսը երկրի երեսին եղող բոլոր մարդկանցից ամենահեզն էր»։ Ամեն դեպքում Մարիամն ու Ահարոնը սխալ էին վարվում և վտանգի մեջ էին, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ «Եհովան լսում էր» նրանց (Թվեր 12։2, 3

 Ի վերջո Եհովան նրանց երեքին հավաքեց հանդիպման վրանի մոտ։ Այդ ժամանակ ամպի սյունը, որը խորհրդանշում էր Եհովայի ներկայությունը, իջավ և կանգնեց վրանի մուտքի մոտ։ Եհովան կանչեց Մարիամին ու Ահարոնին և հանդիմանեց նրանց՝ հիշեցնելով, թե ինչ առանձնահատուկ փոխհարաբերություններ ունի Նա Մովսեսի հետ և թե որքան է նրան վստահում։ «Ուրեմն ինչպե՞ս,— ասաց Եհովան,— չվախեցաք իմ ծառայի դեմ՝ Մովսեսի դեմ խոսելուց»։ Մարիամն ու Ահարոնը, անկասկած, վախից դողում էին։ Մովսեսի հանդեպ նրանց դրսևորած անհարգալից վերաբերմունքը Եհովան համարեց անհարգալից վերաբերմունք իր հանդեպ (Թվեր 12։4–8

 Այն, որ միայն Մարիամը պատժվեց, ցույց է տալիս, որ հենց նա էր հրահրել Ահարոնին և դրդել նրան իր հետ դուրս գալու իրենց հարսի դեմ։ Եհովան Մարիամին բորոտությամբ հարվածեց։ Այդ զարհուրելի հիվանդությունը Մարիամի մաշկը «ձյան պես սպիտակ» էր դարձրել։ Ահարոնն իսկույն խոնարհվեց Մովսեսի առաջ՝ աղաչելով նրան, որ ների իրենց. «Խնդրում եմ, մեզ մի՛ մեղադրիր այս մեղքի մեջ, որը հիմարությամբ գործեցինք»։ Մովսեսը՝ այդ հեզ մարդը, սկսեց բարձր ձայնով աղերսել Եհովային. «Ո՜վ Աստված, խնդրո՜ւմ եմ, բուժի՜ր նրան, աղաչո՜ւմ եմ» (Թվեր 12։9–13)։ Եղբայրների սրտացավ աղաչանքը ցույց է տալիս, թե նրանք որքան շատ էին սիրում իրենց քրոջը՝ չնայած նրա սխալներին։

Մարիամը ներվում է

 Եհովան ողորմածություն դրսևորեց Մարիամի հանդեպ։ Երբ նա զղջաց, Եհովան բուժեց նրան, սակայն պահանջեց, որ Իսրայելի ճամբարից դուրս գա և յոթ օր մեկուսանա։ Մարիամի համար պետք է որ ահավոր նվաստացուցիչ լիներ, հնազանդվելով այդ պահանջին, խայտառակված լքել ճամբարը։ Մարիամին իր հավատը փրկեց։ Նա իր սրտում համոզված էր, որ իր Հայրը՝ Եհովան, արդար է և սիրուց մղված է իրեն խրատում։ Ուստի Մարիամն արեց այն, ինչ իրեն ասվել էր։ Յոթ օր նա մեկուսացած մնաց, իսկ այդ ընթացքում ճամբարը նրան էր սպասում։ Այնուհետև Մարիամին նորից իր հավատն օգնեց, որ խոնարհությամբ հնազանդվի Եհովային և վերադառնա (Թվեր 12։14, 15

 Եհովան խրատում է նրանց, ում սիրում է (Եբրայեցիներ 12։5, 6)։ Նա այնքան շատ էր սիրում Մարիամին, որ օգնեց սրտից արմատախիլ անելու հպարտությունը։ Խրատը ցավոտ էր, բայց փրկեց նրան։ Հնազանդվելով՝ նա նորից ձեռք բերեց Աստծու բարեհաճությունը։ Մարիամն ապրեց մինչև իսրայելացիների դեգերումների ավարտը։ Երբ նա մահացավ Կադեսում, որը Ցին անապատում է, հավանաբար արդեն մոտ 130 տարեկան էր։ b (Թվեր 20։1)։ Դարեր անց Եհովան խոսեց նրա մասին որպես իր հավատարիմ ծառայի։ Իր մարգարե Միքիայի միջոցով նա հիշեցրեց իր ժողովրդին. «Ես հանեցի քեզ Եգիպտոսի երկրից և փրկագնեցի քեզ ստրուկների տնից։ Ես քո առջևից ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին» (Միքիա 6։4

Մարիամի հավատն օգնեց նրան խոնարհ մնալ, երբ Եհովան խրատեց նրան

 Մարիամի կյանքից շատ դասեր կարող ենք քաղել։ Մենք պետք է պաշտպանենք թույլերին և քաջությամբ թիկունք կանգնենք ճշմարտությանը, ինչպես որ Մարիամն արեց, երբ երեխա էր (Հակոբոս 1:27)։ Նրա նման մենք էլ պետք է ուրախությամբ հռչակենք Աստծու պատգամները (Հռոմեացիներ 10։15)։ Մարիամի փորձից սովորում ենք զգույշ լինել, որ նախանձով ու դառնությամբ չլցվենք (Առակներ 14:30)։ Սովորում ենք նրա պես խոնարհությամբ ընդունել Եհովայի խրատը։ Եթե այդպես վարվենք, իսկապես կընդօրինակենք Մարիամի հավատը (Եբրայեցիներ 12:5

a Ակնհայտ է, որ, Սեպփորային քուշեցի անվանելով, նրանք նկատի ունեին, որ նա ոչ թե Եթովպիայից էր, այլ Արաբիայից, ինչպես մյուս մադիանացիները։

b Երեքն էլ, ըստ երևույթին, մահացան մեկ տարվա ընթացքում՝ ըստ այն հերթականության, որ ծնվել էին. սկզբում՝ Մարիամը, հետո՝ Ահարոնը, այնուհետև՝ Մովսեսը։