Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեխաներն ու սոցիալական ցանցերը (մաս 2): Երեխայիդ սովորեցրու՝ ինչպես անվտանգ օգտվել սոցիալական ցանցերից

Երեխաներն ու սոցիալական ցանցերը (մաս 2): Երեխայիդ սովորեցրու՝ ինչպես անվտանգ օգտվել սոցիալական ցանցերից

 Հաշվի առնելով վտանգները՝ շատ ծնողներ թույլ չեն տալիս իրենց երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից: Այնուամենայնիվ, եթե թույլ ես տալիս երեխայիդ օգտվել սոցցանցերից, ինչպե՞ս կարող ես օգնել նրան, որ խուսափի բացասական ազդեցություններից և սովորի խելամտորեն օգտվել ինտերնետից։

Այս հոդվածում՝

 Ինչն է առաջնահերթ երեխայիդ համար

 Ինչ պետք է իմանաս։ Քանի որ սոցցանցերը կարող են կախվածություն առաջացնել, գուցե հարկ լինի օգնել երեխային վերահսկել այն ժամանակը, որը նա ծախսում է դրանց վրա։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10

 Մտածիր։ Արդյո՞ք սոցիալական ցանցերը խանգարում են երեխայիդ քնին, դպրոցական հանձնարարությունները կատարելուն կամ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելուն։ Մասնագետներն ասում են, որ պատանիները պետք է օրական մոտ ինը ժամ քնեն, սակայն նրանք, ովքեր օրական մի քանի ժամ անցկացնում են սոցիալական ցանցերում, ամենայն հավանականությամբ քնում են յոթ ժամից պակաս:

 Ինչ կարող ես անել։ Երեխայիդ հետ քննարկիր, թե նա ինչ առաջնահերթություններ ունի, և թե ինչու է խելամիտ սահմանափակել սոցիալական ցանցերին տրամադրվող ժամանակը: Սահմանիր ողջամիտ կանոններ, օրինակ՝ էլեկտրոնային սարքերը գիշերը չտանել ննջասենյակ։ Ձեր նպատակն է՝ օգնել երեխային զարգացնել ինքնատիրապետում, մի հատկություն, որը նրան պետք կգա չափահաս տարիքում (1 Կորնթացիներ 9։25

 Երեխայիդ էմոցիոնալ առողջությունը

 Ինչ պետք է իմանաս։ Ընկերների՝ մշակված սելֆիները և նրանց զբաղմունքների մասին պատմող հոլովակները դիտելը կարող է երեխայի մեջ միայնության զգացում և վհատություն առաջացնել։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Մի կողմ դրեք.... նախանձ[ը]» (1 Պետրոս 2։1

 Մտածիր։ Արդյո՞ք սոցիալական ցանցերից օգտվելու պատճառով ձեր երեխան սկսել է ամաչել իր արտաքին տեսքից։ Արդյո՞ք նա մտածում է, որ բոլորի կյանքը հետաքրքիր է ու արկածներով լի, իսկ իրենը՝ անհետաքրքիր ու ձանձրալի։

 Ինչ կարող ես անել։ Երեխայիդ հետ քննարկիր, թե համեմատվելն ինչով է վտանգավոր: Նկատի ունեցիր, որ աղջիկները ավելի խոցելի են, քան տղաները, քանի որ աղջիկները մարդկանց հետ ունեցած փոխհարաբերություններն ու արտաքին տեսքը ավելի են կարևորում։ Նույնիսկ կարող ես առաջարկել, որ երեխադ միառժամանակ չօգտվի սոցցանցերից։ Ջեյքոբ անունով մի երիտասարդ ասում է. «Որոշ ժամանակով ջնջել էի սոցցանցի հավելվածը: Դա օգնեց ինձ կարգավորել առաջնահերթություններս, ինչպես նաև փոխել իմ և ուրիշների մասին տեսակետս»։

 Երեխայիդ վարքը օնլայն հարթակում

 Ինչ պետք է իմանաս։ Սոցցանցում էջ ունենալը նման է ամբոխի առաջ ապրելուն։ Այն կարող է թյուրիմացությունների ու տարաձայնությունների պատճառ դառնալ։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից.... Բայց դուք իրար հանդեպ եղեք բարի» (Եփեսացիներ 4։31, 32

 Մտածիր։ Արդյո՞ք երեխադ սոցկայքերի պատճառով սկսել է բամբասել, տարաձայնություններ ունենալ ուրիշների հետ կամ վիրավորական խոսքեր օգտագործել։

 Ինչ կարող ես անել։ Սովորեցրու երեխայիդ, որ օնլայն հարթակում ևս անհրաժեշտ է լավ վարք ունենալ։ Մի գրքում ասվում է. «Մեր՝ ծնողներիս պարտականությունն է՝ սովորեցնել երեխաներին, որ դաժանությունը ընդունելի չէ ոչ մի միջավայրում՝ լինի օնլայն, թե ֆիզիկական աշխարհում» (Digital Kids)։

 Հիշի՛ր, որ սոցցանցերը անհրաժեշտություն չեն, և որ ոչ բոլոր ծնողներն են թույլատրում իրենց երեխաներին օգտվել դրանցից։ Եթե դու թույլ ես տալիս, որ երեխադ օգտվի սոցցանցից, ապա պետք է համոզված լինես, որ նա բավականաչափ հասուն է սահմաններ դնելու, առողջ ընկերակցություն ունենալու և ոչ պատշաճ նյութերից հեռու մնալու համար։